«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը

 «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ապօրինի քաղաքականության իրացման շրջանակներում արած հերթական անհավասարակշիռ հայտարարությունը, որով նա մեղադրում է Հայաստանին ինչ-որ պատերազմական հանցանքների մեջ՝ պահանջելով ընդունել դրանք և անգամ ներողություն խնդրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նաև նշված է. «Զավեշտալի է, որ նման պահանջ է ներկայացնում մի նախագահ, որի ղեկավարած պետությունն ու առաջնորդած ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ ցեղասպանական գործողությունները․

Թաթար-հայկական բախումների ժամանակ խաղաղ քաղաքացիական հայ բնակչության կոտորած և թալան երկու տարի շարունակ։

  • 1918 թ․ գարնանը Շամխորի կայարանի շրջանում, Բաքու-Թիֆլիս երկաթուղու երկայնքով տեղակայված կայարաններում, մերձակա շրջանների հայկական բնակավայրերի ջարդ, կողոպուտ, թալան, առևանգումներ։
  • Նուխիի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ․։
  • Արեշի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ․։
  • Բաքվի հայության թիրախային կոտորած՝ 1918 թ․ սեպտեմբերի 15-17։
  • Բաքվում մնացած կամ վերադարձած հայության կյանքի հետ անհամատեղելի պայմանների միտումնավոր հարուցում՝ 1918 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր։
  • Նախիջևանի հայության բռնի տեղահանում՝ 1918-1919 թթ․։
  • Գարդմանի հայության տեղահանում, կոտորած, թալան՝ 1918-1920 թթ․։
  • Շուշիի հայության կոտորած՝ 1920 թ․ մարտի 22-26։
  • Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ շարունակական բռնություններ՝ 1918-1920 թթ․։
  • Սումգայիթի կոտորած՝ 1988 թ․։
  • Գանձակի ջարդեր և տեղահանումներ՝ 1988 թ․։
  • Բաքվի կոտորած՝ 1990 թ․։
  • Հյուսիսային Արցախի էթնիկ զտում՝ 1991 թ․։
  • Մարաղայի կոտորած՝ 1992 թ․։
  • Գուրգեն Մարգարյանի կացնահարում՝ 2004 թ․։
  • Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։
  • Գարդմանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։
  • Շիրվանի, մասնավորապես՝ Բաքվի հայկական հետքի իսպառ ոչնչացում։
  • Քառօրյա պատերազմի սանձազերծում 2016 թ.։
  • 44-օրյա պատերազմի սանձազերծում 2020 թ․։
  • Ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բնակչության բռնի տեղահանում։
  • Լաչինի միջանցքի շրջափակում և հումանիտար աղետի ստեղծում՝ 2023 թ․ դեկտեմբերի 12։
  • Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծում՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-20։
  • Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում՝ 2023 թ․ սեպտեմբեր։
  • Լեռնային Ղարաբաղի հայկական ազգային-կրոնական մշակութային միջավայրի ոչնչացում։

Սա ամենահամեստ թվարկումն է միայն այն բոլոր հանցանքների, որ ադրբեջանական տարբեր վարչակարգերը վերջին հարյուրամյակում իրականացրել են հայկական բնակավայրերի և առհասարակ հայ տարրի նկատմամբ։ Անզեն աչքով անգամ տեսանելի է այն հսկայական հակահայկական քաղաքականությունը, որով առաջնորդվել են Ադրբեջանի ապագայի ճարտարապետները։ Դա ցեղասպանությունների, բռնի տեղահանումների, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումների և քաղաքական վանդալիզմի համակարգային քաղաքականություն է, որը վերածվել է մարդկության դեմ հանացանքների հավաքական օրինակի։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի քստմնելի ելույթները։ Լավագույն օրինական քայլը, որ կարող էր կատարել Ադրբեջանի նախագահը, հայտարարելն էր, որ իր առաջնորդած պետությունը պատրաստ է կանգնել մարդկության դեմ գործած հանցանքների համար միջազգային դատարանի առաջ և ամենայն պատասխանատվությամբ կրել այդ հանցանքների հետևանքները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել