Հաստատվեց Արդարադատության ակադեմիայի կանոնադրությունը

Այսօր Կառավարության նիստի ժամանակ հաստատվեց Արդարադատության ակադեմիայի կանոնադրությունը: Նշենք, որ նորաստեղծ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի ստեղծման նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Օրեր առաջ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արդարադատության նախարարի արդեն նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանին:
Արդարադատության ակադեմիայի կանոնադրությանը ծանոթացեք ստորև:

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.            «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Ակադեմիա) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2.            Ակադեմիան ստեղծվել և գործում է առանց ժամկետային սահմանափակման:

3.            Ակադեմիան իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Ակադեմիայի կառավարման  խորհրդի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույնկանոնադրությամբ:

4.            Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

5.            Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:

6.            Ակադեմիայի անվանումն է`

1)      հայերեն լրիվ` ««Արդարադատության ակադեմիա»  պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2)      հայերեն կրճատ՝ «ԱԱ» ՊՈԱԿ.

3)      ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация “Академия юстиции.”

4)      ռուսերեն կրճատ՝  “AЮ” ГНО.

5)      անգլերեն լրիվ` “Academy of Justice” State Non Commercial Organization.

6)      անգլերեն կրճատ՝  “AJ” SNCO:

7.            Ակադեմիան այլ կազմակերպությունների հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

8.            Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշ, դրոշմակնիք, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

9.            Ակադեմիան կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10.         Ակադեմիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0054, ք. Երևան, Փիրումյանների փողոց, h. 9:

 

II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11.         Ակադեմիայի  գործունեության նպատակներն են`

1)      դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

2)      դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված` Ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը.

3)      դատավորների, դատախազների, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

12.         Ակադեմիան իր առջև դրված նպատակներին համապատասխան`

1)      կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.

2)      կազմակերպում և անցկացնում է դատավորների, դատախազների, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը.

3)      կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.

4)      կազմակերպում է դատավորների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.

5)      իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.

6)      կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր:

13.          Ակադեմիան  որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ կարող է իրականացնել՝

1)      իր գործունեության  նպատակների իրականացման համար անհրաժեշտ հետազոտություններ,

2)      իր գործունեության առարկայի և նպատակների շրջանակում հրատարակչական, տպագրական գործունեություն և դրա արդյունքների իրացում,

3)      արդարադատության իրականացմանը նպաստող  մասնագիտությունների համար վերապատրաստման ծրագրեր,

4)      Ակադեմիայի անձնակազմի և ունկնդիրների համար հանրային սննդի կազմակերպում:

14.         Ակադեմիան  կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

15.         Ակադեմիան  ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով, հիմնադրի որոշման հիման վրա, ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից: 

 

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

           

16.          Ակադեմիայի  կառավարումն ու ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, հիմնադրի, Ակադեմիայի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) և Ակադեմիայի ռեկտորի (այսուհետ՝ Ռեկտոր) գործառույթների իրականացմամբ:

17.         Հիմնադրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, բացառիկ լիազորություններն են`

1)       Ակադեմիայի  հիմնադրումը.

2)      Ակադեմիայի  կանոնադրության հաստատումը ու դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

3)      Ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4)      Ակադեմիայի  վերակազմակերպումը և լուծարումը.

5)      Ակադեմիայի  լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

6)      օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

18.         Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Խորհուրդը:

19.         Խորհուրդը՝

1)      մշակում և արդարադատության նախարարի միջոցով կառավարություն է ներկայացնում Կանոնադրությունը կամ դրանում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները.

2)      հաստատում է իր աշխատակարգը և նիստերի ժամանակացույցը, Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.

3)      կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները և ցուցումները.

4)      լսում է Ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է Ակադեմիայի գործունեության վերստուգման արդյունքները.

5)      վերահսկողություն է իրականացնում Ակադեմիային ամրացված պետական սեփականության, ինչպես նաև Ակադեմիայի սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, Կանոնադրությանը համապատասխան համաձայնություն է տալիս Ռեկտորի կողմից Ակադեմիայի գույքը օտարելու, ձեռք բերելու կամ օգտագործման հանձնելու հետ կապված խոշոր գործարքներ կատարելու համար.

6)      Ռեկտորի նկատմամբ կիրառում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խրախուսանքի միջոցներ և  կարգապահական տույժեր, ինչպես նաև սահմանում է ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը, ծառայողական քննություն անցկացնելու համար ձևավորում համապատասխան հանձնաժողով.

7)      Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

8)      Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ.

9)      հաստատում է Ակադեմիայի անկախ աուդիտ իրականացնող անձին.

10)  Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի կրթական չափորոշիչները, ուսուցման ծրագրերը, դրանց իրականացման կարգերը և ժամանակացույցերը.

11)  Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում փորձաշրջանի անցկացման կարգը և ունկնդրի փորձաշրջանի գնահատման չափանիշները, փորձաշրջանի բովանդակության նվազագույն պահանջները, փորձաշրջանից հետո ներկայացվող հաշվետվության և գրավոր գնահատագրի ձևերը.

12)  Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները, ունկնդրի գիտելիքների գնահատման և քննական միավորների հաշվարկման կարգը, քննությունների անցկացման ժամանակացույցը, գիտելիքների ստուգման եղանակների, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության արդյունքների բողոքարկման կարգը.

13)  սահմանում է գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության կարգն ու պայմանները.

14)  սահմանում է Ակադեմիայի  ունկնդիրների տարկետման հիմքերը և կարգը,

15)  Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդիրների նկատմամբ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական տույժեր կիրառելու հարցը.

16)  «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից ունկնդրին հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Արդարադատության խորհուրդ) կամ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ.

17)  Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրին տարկետում տրամադրելու հարցը.

18)  Ռեկտորի ներկայացմամբ սահմանում է վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման խմբերում ընդգրկվող ունկնդիրների առավելագույն թվաքանակը.

19)  սահմանում է Ակադեմիայի  կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության կարգը, որոշում է կայացնում Ակադեմիայի  շահույթի օգտագործման վերաբերյալ.

20)  հաստատում է Ակադեմիայում դասավանդող դասախոսների թվային և անհատական կազմը.

21)  իրականացնում է օրենքով և սույն Կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20.         Խորհուրդը ձեռնարկում է Ակադեմիայի գործունեության ստուգմանն ուղղված միջոցառումներ՝ Խորհրդի առնվազն երկու անդամի կամ արդարադատության նախարարի պահանջով՝ դրանում նշված հիմքերի սահմաններում: Ստուգմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պահանջը տարվա ընթացքում մեկ անգամ ենթակա է պարտադիր բավարարման խորհրդի կողմից, որից հետո նույն անդամի կողմից նմանատիպ պահանջ կրկին ներկայացվելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում պահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ:

21.         Սույն կանոնադրության 20-րդ կետով նախատեսված ստուգումներն իրականացնելու նպատակով Խորհուրդն իր կազմից ձևավորում է համապատասխան խումբ, որի մեջ չեն մտնում ստուգման վերաբերյալ պահանջով հանդես եկած անդամները: Ստուգումներն իրականացնելու նպատակով հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջվելու պարագայում Խորհուրդը իր որոշմամբ կարող է ներգրավել համապատասխան մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության: Այս դեպքում ստուգումների իրականացումը ֆինանսավորվում է Ակադեմիային պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների հաշվին:

22.         Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

23.         Խորհրդի նախագահը`

1)      կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.

2)      հրավիրում է Խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3)      ստորագրում է Խորհրդի արձանագրությունները և որոշումները,

4)      իրականացնում է օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

24.         Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում Խորհրդի նիստը բացում է Խորհրդի տարիքով ավագ անդամը, որից հետո Խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Խորհրդի անդամներից մեկը` բաց քվեարկությամբ ընդունված Խորհրդի որոշմամբ։

25.         Խորհրդի նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են Խորհրդի աշխատակարգով:

26.         Խորհրդի նիստերը դռնփակ են: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և Ռեկտորն իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու Խորհրդի նիստերին։ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Խորհրդի որոշմամբ հրավիրված այլ անձինք։

27.         Ակադեմիայի  ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը:

28.         Ռեկտորը`

1)      առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2)      Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Խորհրդի որոշումներով և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Ակադեմիայի գույքը, ներառյալ` ֆինանսական միջոցները.

3)      տալիս է Ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր, ներառյալ` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4)      աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Ակադեմիայի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5)      համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր է կնքում Ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ.

6)      բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7)      օրենքով և Կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8)      կազմակերպում է Ակադեմիայում ուսումնական գործընթացը.

9)      կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.

10)  Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, Ակադեմիայի կառուցվածքային մաս կազմող ստորաբաժանումների ցանկը, ինչպես նաև հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

11)  հրապարակում է Ակադեմիայի գործունեության տարեկան հաշվետվությունը.

12)  կազմակերպում է քննական հարցերի կազմումը և ապահովում դրանց գաղտնիության պահպանումը.

13)  Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).

14)  Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից համապատասխանաբար դատավորի կամ դատախազի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտում պարունակող արարքների վերաբերյալ տեղեկությունների տիրապետման դեպքում այդ մասին հայտնում է համապատասխանաբար դատավորների էթիկայի հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովին կամ գլխավոր դատախազին.

15)  իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ նախատեսված և Ակադեմիայի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

29.         Ակադեմիան կարող է ունենալ պրոռեկտոր (պրոռեկտորներ): Պրոռեկտորները պաշտոնի են նշանակվում և ազատվում Ռեկտորի հրամանով: Պրոռեկտորները իրականացնում են Ակադեմիայի  գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում՝ Ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

30.          Ռեկտորի լիազորությունների դադարեցման, պաշտոնը թափուր մնալու կամ օրենքով սահմանված կարգով Ռեկտորի լիազորությունների կասեցման դեպքում այդ լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Խորհրդի կողմից որոշված պրոռեկտորը:

31.         Ռեկտորի լիազորությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է այն պրոռեկտորը, որի վրա Ռեկտորի հրամանով դրված է նրան փոխարինելու իրավասություն:

32.         Ակադեմիայի կառուցվածքային մաս հանդիսացող ստորաբաժանումների և պրոռեկտորների գործառույթները սահմանվում են Ռեկտորի հրամանով:

33.         Ռեկտորն ընտրվում է և պաշտոնի է նշանակվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

34.         Ռեկտորի պաշտոնի համար մրցույթի մասին հայտարարության հրապարակումը կազմակերպում է Խորհրդի նախագահը:

35.         Հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

1)              մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը,

2)              մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

3)              «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան հավակնորդին ներկայացվող պահանջները, 

4)              մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ սույն կանոնադրության 37-րդ և 38-րդ կետերին համապատասխան:

36.         Մրցույթի անցկացման վայրի, օրվա կամ ժամի փոփոխության դեպքում Ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդները ծանուցվում են մրցույթի անցկացումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

37.         Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

1)      դիմում՝ Խորհրդի նախագահի անունով.

2)      անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3)      դիմումատուի մոտ բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

4)      դիմումատուի մոտ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

5)      դիմումատուի մոտ իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը ապացուցող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները):

38.         Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող է ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը իրենց կարծիքով կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

39.         Մրցույթ անցկացնելու մասին հրապարակումը առաջին հրապարակումից հետո՝ 5-օրյա ժամկետում պետք է կրկնվի:

40.         Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (համարակալած և յուրաքանչյուր էջի հետնամասում հավակնորդի կողմից ստորագրված) հանձնվում Է Ակադեմիայի՝ փաստաթղթերն ընդունող մարմնին:

41.         Հավակնորդների՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը ընդունելու նպատակով Ակադեմիայում բացվում է գործերի ընդունման գրանցամատյան` էջերի համարակալմամբ, կարված և կնքված:

42.         Գրանցամատյանի լրացված էջը կնքվում և փակվում է յուրաքանչյուր օրվա ավարտին:

43.         Փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում տրված, եթե հանձնվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը:

44.         Փաստաթղթերի փոստային առաքման դեպքում փաստաթղթերն ընդունող մարմինը դրանց ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին:

45.         Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում փաստաթղթերն ընդունող մարմինը հանձնումը հավաստող նշագրում է կատարում փաստաթղթերի` հավակնորդի օրինակի վրա:

46.         Դիմումներն ընդունելիս փաստաթղթերն ընդունող մարմինը պարտավոր է ստուգել դիմումի համապատասխանությունը սույն կանոնակարգի 37-րդ կետով ներկայացվող պահանջներին:

47.         Փաստաթղթերի թերի լինելու դեպքում հավակնորդը տեղեկացվում է այդ մասին նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ 1 օրվա ընթացքում, պատվիրված նամակով` հանձնման մասին հետադարձ ծանուցմամբ, հնարավորության դեպքում՝ նաևհեռախոսազանգով: Թերությունները կարող են վերացվել դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:

48.         Դիմումների ընդունումն ավարտվելու հաջորդ օրը փաստաթղթերն ընդունող մարմինը կից գրությամբ ընդունված փաստաթղթերի փաթեթը հանձնում է Խորհրդի նախագահին:

49.         Խորհրդի նախագահը մրցույթի անցկացումից առնվազն 2 օր առաջ՝

1)      Խորհրդի անդամներին է ուղարկում յուրաքանչյուր հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի պատճենները,

2)      կազմակերպում է հավակնորդների անվան և ազգանվան, գիտական աստիճանի, զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ տեղեկատվության տարածում Ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում:

50.         Ռեկտորի ընտրության համար Խորհրդի նիստի օրակարգը հետևյալն է՝

1)      հավակնորդների` օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության հարցի որոշում,

2)      հավակնորդների ծրագրերի ներկայացում,

3)      հավակնորդներին հարցերի ներկայացում և խորհրդի անդամների ելույթներ,

4)      հաշվիչ հանձնաժողովի ձևավորում,

5)      Ռեկտոր ընտրելու նպատակով գաղտնի քվեարկություն,

6)      Ռեկտորի ընտրության արդյունքների մասին որոշման կայացում:

51.         Ռեկտորն ընտրվում է Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ:

52.         Եթե Ռեկտորի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել Խորհրդի անդամը, ապա նա չի մասնակցում Ռեկտորի ընտրության համար օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ Խորհրդի համար նախատեսված ընթացակարգերին և որոշումների կայացմանը:

53.         Ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդներին պետք է հնարավորություն տրվի հանդես գալ Խորհրդի նիստում: Սակայն հավակնորդի բացակայությունը հիմք չէ նրա թեկնածությունը քննարկումից կամ քվեարկությունից հանելու համար` բացառությամբ գրավոր ինքնաբացարկ հայտնելու դեպքերի:

54.         Հավակնորդները իրավունք չունեն ներկա գտնվել մյուս  հավակնորդների ելույթների և հարց ու պատասխանի ժամանակ: Հավակնորդների ներկայացրած գործունեության ծրագրերը Խորհրդում բոլոր հավակնորդների ելույթների ավարտից հետո երկօրյա ժամկետում տեղադրվում են Ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում:

55.         Օրակարգի առաջին հարցով Խորհրդի նախագահը զեկուցում է Ռեկտորի թեկնածուների` օրենսդրության և սույն կանոնադրության պահանջներին բավարարելու հարցի վերաբերյալ: Հարցի ներկայացումից հետո Խորհրդի նախագահը պատասխանում է առաջացած հարցերին:

56.         Խորհրդի ցանկացած անդամ կարող է առաջարկ ներկայացնել հավակնորդին թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ՝ հիմնավորելով, թե օրենսդրության, սույն կանոնադրության որ պահանջներն են խախտված:

57.         Հավակնորդին ցուցակից հանելու առաջարկը Խորհրդի նախագահի կողմից դրվում է քվեարկության: Հավակնորդն  հանվում է ցուցակից, եթե առաջարկին կողմ է քվեարկել նիստին մասնակցող անդամների մեծամասնությունը:

58.         Օրակարգի երկրորդ հարցով Խորհրդի նախագահը ծրագրային ելույթների համար, ըստ ազգանունների այբբենական կարգի, ձայնը տալիս է հավակնորդներին: Յուրաքանչյուր հավակնորդ ունի ոչ ավելի քան 10 րոպե տևողությամբ ելույթի իրավունք: Յուրաքանչյուր հավակնորդի ելույթից հետո խորհրդի անդամները կարող են հարցեր տալ  թեկնածուին:

59.         Ռեկտորի պաշտոնի յուրաքանչյուր հավակնորդ ներկայացնում է իր ծրագիրը՝ Ռեկտորի պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության ուղղությունների, բովանդակության և Ակադեմիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

60.         Հարցի ու պատասխանի տևողությունը պետք է հակիրճ լինի: Հավակնորդին տրվող հարցերը կարող են վերաբերել միայն նրա կողմից ներկայացված փաստաթղթերին կամ ծրագրային ելույթին: Հարցերը և պատասխանները արձանագրվում են:

61.         Բոլոր հավակնորդներին ուղղված հարցերի և պատասխանների ավարտից հետո Խորհրդում սկսվում է քննարկում:

62.         Եթե Ռեկտորի ընտրության համար  գաղտնի քվեարկությունը չի սկսվել մինչև ժամը 19:00-ն, նիստն ընդմիջվում է մինչև հաջորդ օրը՝ ժամը 9:00-ը` անկախ նրանից, հաջորդ օրն աշխատանքային է, թե ոչ: Եթե գաղտնի քվեարկությունը սկսվել է, ապա նիստը շարունակվում է մինչև քվեարկության ավարտը և ընտրության արդյունքների մասին որոշման կայացումը:

63.         Խորհրդի նիստում քննարկումներից հետո Խորհրդի նախագահը, ըստ ազգանունների այբբենական կարգի, հրապարակում է հավակնորդների ազգանուն-անունները: Եթե վերջիններս իրենց անունը հրապարակելու պահին ինքնաբացարկ հայտնած չեն լինում, ապա նրանց թեկնածությունը ներառվում է քվեաթերթիկում:

64.         Խորհրդի նախագահը ներկայացնում է գաղտնի քվեարկության կարգը:

65.         Խորհուրդն իր կազմից ընտրում է 3 անդամներից կազմված հաշվիչ հանձնաժողով:

66.         Հաշվիչ հանձնաժողովը`

1)              կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը,

2)              կազմում է Ռեկտորի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը,

3)              հրապարակում է Ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները:

67.         Քվեաթերթիկների ձևը սահմանվում է Խորհրդի որոշմամբ:

68.         Ռեկտորի ընտրությունների քվեաթերթիկները ստորագրվում են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

69.         Ռեկտորի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանուն-անունները` այբբենական կարգով: Յուրաքանչյուր թեկնածուի ազգանվան-անվան դիմաց առկա է «կողմ եմ» գրառումով վանդակը: Քվեաթերթիկը պետք է պարունակի նաև «բոլորին դեմ եմ» գրառումով վանդակ: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նրա ազգանվան-անվան դիմաց առկա են «կողմ եմ» և «դեմ եմ» գրառումներով վանդակներ:

70.         Խորհրդի անդամը քվեարկության ժամանակ ունի միայն մեկ ձայնի իրավունք: Քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում:

71.         Ընտրողը քվեաթերթիկում համապատասխան նշում է կատարում իր նախընտրած թեկնածուի ազգանվան-անվան դիմաց` հետևյալ կերպ «V»:

72.         Քվեարկությունն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում է մեկական քվեաթերթիկ, հայտարարում է քվեարկության արդյունքը և փոխանցում է հանձնաժողովի անդամներին տեսակավորելու համար: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մինչև քվեատուփից հաջորդ քվեաթերթիկը հանելը կարող է պահանջել քվեարկության դնելու քվեաթերթիկի անվավեր լինելու հարցը:

73.         Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե չի համապատասխանում սույն կանոնադրության 71-րդ կետի պահանջներին, պարունակում է մեկից ավելի նշում  կամ ընտրողի ինքնությունը բացահայտող նշում: Քվեաթերթիկի անվավերության վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի որոշումը ընդունվում է հաշվիչ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

74.         Հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները և կազմում Խորհրդի որոշմամբ հաստատված ձևի արձանագրություն:

75.         Արձանագրության մեջ գրառվում է`

1)              քվեաթերթիկ ստացածների թիվը,

2)              քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը,

3)              անվավեր քվեաթերթիկների թիվը,

4)              թեկնածուի (ների) ազգանունը (ները) և յուրաքանչյուրի ստացած ձայները,

5)              «բոլորին դեմ» (մեկից ավելի թեկնածուների դեպքում) տրված ձայները:

76.         Արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները: Մեկից ավելի թեկնածուների դեպքում արձանագրության մեջ թեկնածուների ցուցակը տրվում է ըստ հավաքած «կողմ» ձայների քանակի նվազման հաջորդականության:

77.         Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները խորհրդի նիստում:

78.         Քվեարկության արդյունքների հիման վրա Խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1)              Ռեկտոր ընտրվելու մասին,

2)              քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին,

3)              ընտրությունն անվավեր ճանաչելու և Ռեկտոր չընտրվելու մասին,

4)              ընտրությունները չկայացած ճանաչելու և Ռեկտոր չընտրվելու մասին:

79.         Առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրությունները համարվում են չկայացած, իսկ Ռեկտորը՝ չընտրված, եթե քվեարկված միակ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ:

80.         Քվեարկության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության առաջին փուլի ավարտից անմիջապես հետո, իսկ եթե երկրորդ փուլի համար գաղտնի քվեարկությունը չի սկսվել մինչև ժամը 19:00-ն, նիստն ընդմիջվում է մինչև հաջորդ օրը՝ ժամը 9:00-ը` անկախ նրանից, հաջորդ օրն աշխատանքային է, թե ոչ:  Այս դեպքում երկրորդ փուլ են անցնում առավել ձայներ հավաքած երկու թեկնածուները, իսկ երկրորդ թեկնածուի ձայներին հավասար թվով ձայներ հավաքած այլ թեկնածուների առկայության դեպքում` նաև այդ թեկնածուները:

81.         Երկրորդ փուլի քվեարկության արդյունքների հիման վրա Խորհուրդը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1)              Ռեկտոր ընտրվելու մասին,

2)              ընտրությունը չկայացած ճանաչելու և Ռեկտոր չընտրվելու մասին:

82.         Երկրորդ փուլի քվեարկության արդյունքում ընտրությունները ճանաչվում են չկայացած, իսկ Ռեկտորը համարվում չընտրված, եթե քվեարկված թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ:

83.         Ռեկտորի ընտրության արդյունքը ձևակերպվում է խորհրդի որոշման տեսքով: Որոշումը ստորագրում է Խորհրդի նախագահը: Որոշման մեկ օրինակը Խորհրդի նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

84.         Այն դեպքում, եթե «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի առաջարկած թեկնածուների թվից երկշաբաթյա ժամկետում չի նշանակում Ռեկտոր, ապա Խորհուրդը, նշված ժամկետի ավարտման օրվա հաջորդող երկշաբաթյա ժամկետում հայտարարում է նոր մրցույթ:

85.         Ակադեմիայի Ռեկտորի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են Ռեկտորի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` սույն օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:

86.         Ռեկտորին նկատմամբ կարող են կիրառվել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժեր՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Ռեկտորի նկատմամբ  կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ կարող է հանդես գալ Խորհրդի յուրաքանչյուր անդամ՝ միջնորդությունը ներկայացնելով Խորհրդի նախագահին: Միջնորդությունը հիմք է Խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար:

87.          Եթե կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ որոշման կայացման համար անհրաժեշտ է փաստերի վերաբերյալ լրացուցիչ ապացույցների հավաքագրում, փաստերի ուսումնասիրություն, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն նշանակելուց և անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու նպատակով Խորհուրդը ձևավորում է համապատասխան հանձնաժողով:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

88.         Ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով։

89.         Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է Ակադեմիայի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից։

90.         Ակադեմիայի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել նաև`

1)      պետական բյուջեից հատկացված միջոցները.

2)      ձեռնարկատիրական գործունեության արդյունքները.

3)      դրամաշնորհները, նվիրատվությունները, կտակված գույքը.

4)      օրենքով չարգելված այլ միջոցներ։

91.         Ակադեմիային չի կարող սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք: Դրանք Հիմնադրի որոշմամբ  կարող են տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

92.         Ակադեմիան կարող է հաշիվներ բացել բանկերում (այդ թվում` օտարերկրյա) ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով։ Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են Ակադեմիային։

93.         Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան։

94.         Ակադեմիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում Ակադեմիայի ստացած եկամուտներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

95.         Ակադեմիան իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` իր առջև դրված նպատակների իրականացման համար:

96.         Ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

97.         Հիմնադիրը սեփականության իրավունքով Ակադեմիային պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ Ակադեմիայի լուծարումից հետո մնացած գույքի:

98.         Ակադեմիան  իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

99.         Ակադեմիային սեփականության իրավունքով  պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը և ավելին կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով խոշոր գործարքներ կատարելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն Խորհրդի կողմից:

 

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ

 

100.      Ակադեմիայի աշխատողներն են Ակադեմիայում աշխատանքային պայմանագրերով աշխատողները, ովքեր ընդգրկված են դասախոսական, գիտական, վարչական կազմում, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:

101.      Ակադեմիայի աշխատողներն իրավունք ունեն՝

1)      իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման.

2)      հաստատված ուսումնական ծրագրերի համաձայն ընտրելու և մշակելու հետազոտական թեմաներ.

3)      իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության.

102.      Ակադեմիայի աշխատողները պարտավոր են`

1)      պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական ակտերի, Ակադեմիայի ներքին ակտերի և սույն կանոնադրության պահանջները.

2)      ապահովել ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

3)      մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

4)      պահպանել և խնայողաբար ու արդյունավետ օգտագործել Ակադեմիայի գույքը:

103.      Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են`

1)      դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ցուցակում ընդգրկված նախկին դատավորների.

2)      դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց.

3)      դատավորները, դատախազները, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները, դատախազության աշխատակազմում պետական ծառայողները և դատական կարգադրիչները։

104.      Ակադեմիայի  ունկնդիրներն իրավունք ունեն՝

1)      օգտվելու Ակադեմիայի լսարաններից, գրադարանից և հանրակացարանային համալիրից.

2)      մասնակցելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.

3)      ըստ նախասիրությունների մասնակցելու Ակադեմիայում անցկացվող հետազոտություններին:

105.      Ակադեմիայի  ունկնդիրները պարտավոր են՝

1)      հաճախել Ակադեմիայի կողմից անցկացվող ուսումնական դասընթացներին.

2)      անվերապահորեն պահպանել կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված ուսումնական առաջադրանքները.

3)      կատարել սույն կանոնադրության պահանջները և Ակադեմիայի ներքին ակտերի պահանջները:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

106.      Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Դատախազության մասին» օրենքով, Խորհրդի որոշումներով սահմանված եղանակով և կարգով՝ առկա և հեռավար ձևերով:

107.      Ակադեմիայի ունկնդիրներին տրվում է Ակադեմիայի Խորհրդի կողմից սահմանված ձևի ավարտական վկայական կամ դիպլոմ:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

108.      Ակադեմիան  կարող է վերակազմակերպվել և լուծարվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

109.      Ակադեմիայի  լուծարման դեպքում Ակադեմիայի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել