Կոտրել է կնոջ ձեռքը, ծաղկեփնջով հարվածել դեմքին, կացնով սպառնացել

Սարգիս Ա․-ն 2023 թվականին ապրիլի 15-ին ժամը՝ 17:00-ի սահմաններում, Երևանի տան բակային հատվածում Ռիտա․ Ե․-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճել է։ Տղամարդը իր ձեռքում առկա ծաղկեփնջով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, ձախ ձեռքը ոլորել է՝ պատճառելով փակ կոտրվածք։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Բացի այդ, վերը նկարագրված վիջաբանության ընթացքում Սարգիս Ա․-ն գնացել է տան մյուս հատված, այնտեղից վերցրել կացին և Ռիտա․ Ե․-ի հասցեին հնչեցրել է առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք, մասնավորապես ասելով, որ մյուս ձեռքը ևս կկոտրի:

Գործը դատարան է ստացվել մարտի 4-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին։

Սարգիս Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետի (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է`առողջության տևական քայքայում) հատկանիշներով և ՔՕ 194-րդ հոդվածի 1-ին մասի  (Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը) հատկանիշներով:

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել