«Մեր կյանքն այսօր լայն իմաստով աղետներով, ողբերգություններով ուղեկվցող կյանք է, թե՛ ամբողջ աշխարհի իմաստով, թե՛ մասնավոր, մեր հայրենիքում»,-այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցում, պատարագի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մենք այսօր մեր միջավայրում ապրում ենք և ես չեմ դադարելու ասել՝ անպատիվ ժամանակներում, ապրում ենք ստի սնուցմամբ, թշնամության քարոզով, ատելության գործնական դրսևորումներով, որոնք դարձել են մեր միջավայրի և մեր լայն կյանքի սկզբունքները կամ մշակույթը։ Որոնք լրիվ հակադիր են և հակադարձ, թե՛ մարդկային որակին ու արժեքին, թե՛ աստվածային պատգամին և օրհնությանը։ Մենք կամ հանդուրժելու ենք ստով սնվել, կերակրվել, հարմարվել և այդպես ստի քողի և լույսի ներքո ճշմարտության մասին մեկնաբանություն անել և ճամատակել։ Կամ հրաժարվելու ենք այդ բոլորից և ընթանալու ենք ճշմարտության հետ ապրելու, որը սրբացնող իրականություն է։ Մենք խաղաղություն ուզում ենք այո, բայց խաղաղությունն աշխատանք է պահանջում, թե՛ հոգու աշխատանք, թե՛ մտքի աշխաանք, թե՛ ֆիզիկական աշխատանք, բայց այդ խաղաղության վերջնահանգրվանը պետք է լինի հաղթանակը, ոչ թե ներկայացված հաղթանակը, այլ իրական հաղթանակը, ճշմարտության հաղթանակը։ Առանց այդ բոլորի խաղաղություն երբեք չի ունենա մարդը»,-նշեց նա։