Այսօր՝ մայիսի 18-ին, Սուրբ Աննա եկեղեցում Բագրատ Սրբազանն ամփոփեց հանդիպումների հերթական օրը։ Նա ներկաներին հետևյալն է հայտնել․
«Այսօր շատ բուռն հանդիպումներ են եղել։ Առավոտյան մեր քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններն են ներկա եղել, ովքեր էլ, որ ներկա չեն եղել իրենց հետ նախապես հանդիպել ենք, և ուրախ եմ, որ այն գաղափարը, մտածումները և օրակարգը, որ մենք առաջադրել ենք, հաշտության օրակարգը այսօր մեծ սեղանի շուրջ լիուլի արտահայտված էր։ Մոտ 40, մի քիչ ավելի կուսակցություններ և քաղաքական շարժումներ էին ներկա։
Մտքերը պարզ են, գործողությունները հստակ են, ամեն մեկն իր պատասխանատվության բաժնով, այնպես, որ շատ ուրախ եմ դրա համար։
Հանդիպել ենք արվեստի, մշակույթի գործիչների հետ։ Մոտ 300 հոգի էին, տեղ էլ չկա, երևի ավել էլ կլինեին։ Մտածում կար, որ Հայաստանի տարբեր մարզեր մեկնեն մեր մշակույթի գործիչները միևնույն ժամանակ տարբեր տեղեր գնան, խոսեն, հանդիպեն։
Երրորդ հանդիպումը մեր նախկին զինվորականների հետ էր, պահեստազորի սպաների հետ, ավելի փակ հանդիպում էր, լրատվություն չկար։ Մեր պահեստազորի սպաներն էին, գեներալներն էին, ճանապարհ անցած մարդիկ, ովքեր, դժբախտաբար, այս ավերիչ պատերազմից հետո և՛ հոգեբանական, և՛ այլ կերպով ծանր վիճակում են գտնվում, և իրենց պատրաստակամությունն են հայտնել թե՛ մասնակից լինելու զանազան այս մեր ընթացքին, թե՛ նաև որոշակի իմաստով ավելի հավաքվել, ավելի մեծ թվով։ Մոտ 200 հոգի էին՝ երիտասարդ սերնդից մինչև ավագ սերունդ, որ մեզ նաև որոշակի իմաստով հույս է ներշնչում։
Մենք բոլորին խնդրել ենք՝ այդ փոքրիկ հայեցակարգերը կազմեն, ինչպես են տեսնում զարգացումը այս ոլորտներում, այսօրվա իրավիճակի հետ համեմատած»։