Կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար:
Կապալառուն պարտավոր է պատվիրատուին անհապաղ նախազգուշացնել և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել աշխատանքը, եթե հայտնաբերվել են`
1) պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, նախագծային փաստաթղթերի կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքի ոչ պիտանի կամ անպատշաճ որակի լինելը.
2) աշխատանքների կատարման եղանակների մասին պատվիրատուի ցուցումների իրագործման հետ կապված` նրա համար հնարավոր անբարենպաստ հետևանքներ.
3) կապալառուից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի արդյունքի պիտանիությանը և ամրությանը կամ անհնար են դարձնում դրանք ժամանակին ավարտելը:
Կապալառուն, որը պատվիրատուին չի նախազգուշացրել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կամ շարունակել է աշխատանքը` չսպասելով նախազգուշացման պատասխանի համար պայմանագրում նշված ժամկետի, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետի ավարտին կամ, չնայած աշխատանքները դադարեցնելու մասին պատվիրատուի ժամանակին տված ցուցումին, շարունակել է դրանք, իրավունք չունի իրեն կամ իր կողմից պատվիրատուին համապատասխան պահանջներ ներկայացնելիս վկայակոչել նշված հանգամանքները:
Եթե պատվիրատուն, չնայած վերը նշված հանգամանքների մասին կապալառուի կողմից ժամանակին հիմնավոր նախազգուշացմանը, ողջամիտ ժամկետում չի փոխել ոչ պիտանի և անորակ նյութը, սարքավորումը, նախագծային փաստաթղթերը կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքը, աշխատանքի կատարման եղանակների մասին ցուցումը կամ այլ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել այն հանգամանքները վերացնելու համար, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի պիտանիությանը, կապալառուն իրավունք ունի հրաժարվել կապալի պայմանագիրը կատարելուց ու պահանջել հատուցելու դրա դադարման հետևանքով իրեն պատճառված վնասները: