«Մարտի մեկի գործը ավարտված չէ, որովհետև փամփուշտներ կան, որոնք ներկայացվել են նորից»․ Գլխավոր դատախազ

Ազգային ժողովում 2023 թվականին, երբ քննարկում էր, «Մարտի 1-ի» գործի հետ կապված՝ ես խոստացա պատգամավորներին, որ ինքս կծանոթանամ գործին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Բավական բազմահատոր գործ էր և մեկ քննիչի վարույթում էր գտնվում։ Մենք անմիջապես ձեռնամուխ եղանք քննչական և դատախազական խմբերի ձևովորման, որպեսզի այդ ծավալի վարույթը հնարավոր լինի քննել և, գիտեք, բազմաթիվ պաշտոնատար անձինք, որոնց մասին խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեն, համաձայնել են, որպեսզի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, այսինքն չեն ժխտել իրենց մեղավորությունն արարքի կատարման մեջ, բայց խնդրել են, որ վաղեմություն կիրառվի։

Բայց կցանկանայի նշել, որ մարտի մեկից անջատված մաս կա, որն ուղարկվել է դատարան՝ վերաբերում է քննչական խմբի մեջ ներառված քննիչներից մեկին, որը չի համաձայնվել վաղեմությանը և այս պահին գործը գտնվում է դատարանում։ Բացի այդ, շարունակվել են Վիրաբյանի և այլոց խումբ գործերի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա բողոքարկումները բարձր ատյաններ և 16 անձ այս ընթացքում, նախկինում մարտի մեկի գործի շրջանակներում մեղադրված՝ արդարացվել է, մեկ անձ արդարացվել է մասնակի։ Մի առաջընթաց էլ ունենք այս տարվա ընթացքում․ Գլխավոր դատախազը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով դիմել Սահմանադրական դատարան այ էդ մեղադրանքի փոփոխության հետ կապված դատավարական կարգավորման սահմանադրականությունը քննարկել։ Եվ ի ուրախություն մեզ Վճռաբեկ դատարանը գտել է, որ այո, ՍԴ դիմելու հիմք կա և մենք այս պահին ակնկալում ենք, որ ՍԴ-ն կքննարկի և, ի վերջո, կպատասխանի այն հարցին, թե մենք կարո՞ղ ենք այն երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանց 300․1 հոդվածով մեղադրանքը վերաորակել։ Ինձ հարց տվեցին, թե որդյո՞ք դրա նկատմամբ էլ վաղեմություն չի տարածվի։ Իհարկե կտարածվի, որովհետև յուրաքանչյուր, հատկապես ծանր, առանձնապես ծանր հանցագործություններն էլ բացառություն չեն, ունեն վաղեմություն, բայց, եթե ոչ ռեաբիլիտացիոն հիմքով, ոչ արդարացնող հիմքով դադարեցվում է, դա հետևանք է առաջացնում այն անձի համար, ով կատարել է այդ արարքը, փոխհատուցում տրամադրել տուժողներին, կրել որոշակի գույքային պատասխանատվություն այն անձանց կամ ընտանիքների նկատմամբ, ում իր ոչ իրավաչափ, անօրինական վարքագծի արդյունքում վնաս է պատճառել։

Սա է հիմնական երեք ուղղությունները մարտի մեկի գործով, որ մենք հիմա շարունակում ենք։ Խոշտանգումների դրվագ կա, որը առանձնացվել է և ուղարկվել է Քննչական կոմիտեի մասնագիտացված մարմին, առանձին հսկողությամբ է դա քննվում և մարտի մեկի գործը ավարտված չէ, որովհետև փամփուշտներ կան, որոնք ներկայացվել են նորից, ի լրումն և ուղարկված են փորձաքննության»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ նոր փամփուշները մարդիկ ներկայացնում են, իր ենթադրությամբ՝ այլևս չունենալով անհանգստություն նախաքննության հետ կապված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել