Երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները Կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հետ, որը տևել է շուրջ 2 ժամ:
Հանդիպումից հետո կիրանցիները անհանգիստ, հուզված ու շոկային վիճակում են եղել։
Ավելի ուշ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ բնակիչներին նորից անորոշության, տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետև այն պահանջները, այն խնդրանքը, ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանց գյուղում, ոչ մեկն ընդունելի չի եղել։ Նույնիսկ կարող է սահմանը գյուղի ամենամեջտեղով անցնի։
Կիրանցի բնակիչները կառավարության շենքի մոտ իրենց անհանգստություններն էին հայտնում․ «Ես ոչ մեկին ոչ մի բան տալու չունեմ։ Երևանն էլ է հայկական։ 30 տարի սահման ենք պահել»։
Շենքից դուրս գալով բնակիչները մի քանի րոպե զրուցել են համայնքապետի հետ. այդ ընթացքում լրագրողներին չի թույլատրվել մոտենալ նրանց: Որոշ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, հեռացել են՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը: