Փաստաբանների պալատի խորհրդի անդամը «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի մասին

Iravaban.net զրուցել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գայանե Դեմիրճյանի հետ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծման, էլեկտրոնային եղանակով հայցադիմումի ներկայացման արդյունավետության և համակարգում առկա խնդիրների մասին։

Նրա խոսքով, գաղափարի առումով իսկապես ողջունելի է, երբ ամեն ինչ արվում է էլեկտրոնային եղանակով, և փորձ է արվում հեշտացնել աշխատանքը և փաստաբաններին ազատել թղթաբանությունից։

Մեզ հետ զրույցում փաստաբանն ընդգծեց, որ, անշուշտ, կան թերություններ, և հիմնական խնդիրը, որին բախվում են շատերը, կապված է համակարգում ծավալուն փաստաթղթեր ներբեռնելու հետ, քանի որ համակարգը թույլ է տալիս որոշակի, սահմանափակ քանակությամբ տեղեկատվության վերբեռնում, ինչը հանգեցնում է վերադարձի խնդիրների, այսինքն դատարանը վերադարձնում է կից գործը՝ պատճառաբանելով, որ դրանք կցված չեն, այն դեպքում երբ այդ փաստաթղթերը կցվել են, և սրանք իհարկե ակնհայտ խնդիրներ են։

«Խնդիր է առաջանում նաև պետական տուրքի հետ կապված, քանի որ այն կրկին ներկայացվել է վերադարձված պահանջների հետ, և այդպիսով առաջանում է նաև այս հարցի հետ կապված թնջուկը, որը պետք է լուծվի։ Այն դեպքում, երբ բազմաթիվ հայցեր են մուտքագրվում, համակարգը չունի զտիչ դաշտեր, և պետք է ամեն անգամ հիշել և փնտրել գործի համարով, այդ առումով մշակման և կատարելագորխման կարիք կա», ասում է Գայանե Դեմիրճյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ հարթակն ունի աշխատանքը բարդացնող ֆորմալ պահանջներ։ «Գուցե ավելի հեշտ կլիներ հայց ներկայացնել կոճակի մեկ հպումով։ Մենք ունենք նման հարթակներ, օրինակ՝ e-requety, որտեղ էլեկտրոնային դիմում-բողոք եք ներկայացնում համապատասխան պետական մարմիններին։ Կան տեխնիկական խնդիրներ, որոնք դժվարացնում են փաստաբանի աշխատանքը ժամանակի խնայողության առումով, քանի որ դա տեխնիկական է թվում, բայց այո, նաև ժամանակատար է»։

Համակարգից օգտվելու շրջանակներում Արդարադատության նախարարության հետ կապի առնչությամբ մեր զրուցակիցը նշեց, որ եղել են դեպքեր, երբ կապվել են համակարգը ստեղծողների հետ, և վերջիններս փորձել են օգնել, քանի որ եղել են հատուկ վարույթների դեպքեր, որոնցում ընթացակարգային իմաստով կողմեր չեն եղել, բայց կար «պատասխանող» դաշտը, որը պետք է լրացվեր։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ ոչ օրինական դիմում է մուտքագրվել, բայց իրենք պարտավոր են դա անել՝ որպեսզի կարողանան համակարգում այլ գործողություններ կատարել, պատասխանողի դաշտը դատարկ չթողնելու համար։

«Տեխնիկական և իրավական հակասություն է եղել, և մենք ստիպված ենք եղել «պատասխանող» դաշտ ընդգրկել այն անձանց, ովքեր պետք է լինեին երրորդ կողմի կարգավիճակում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Փաստաբանների պալատը հաճախ է նամակներ ուղարկել՝ առկա խնդիրներին ծանոթանալու, դրանք համակարգելու և համախմբելու նպատակով։ Ավելի ուշ դրանք ներկայացվել են իրավասու մարմնին։

«Փաստաբաններն ակտիվորեն ներկայացնում են իրենց առջև ծառացած խնդիրները։ Դրանց մասին պարբերաբար տեղեկացնում ենք արդարադատության նախարարությանը։ Նրանք հետևողական են, իսկ նախարարությունն ինքը նույնպես քայլեր է ձեռնարկում, փորձում է լսել բարձրացված խնդիրները և լուծումներ գտնել», ասաց Գայանե Դեմիրճյանը, հույս հայտնելով, որ ապագայում ամեն ինչ կբարելավվի, քանի որ գաղափարը իսկապես «շատ լավն է»։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել