Իր իրավասությանը ենթակա պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և նույն օրը այն հանձնում կողմերին կամ փոստով առաքում որոշման մեկական օրինակ:
Այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլև գործարար վարքագծի և էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:
Այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր:
Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:
Այն դեպքում, երբ հաճախորդը սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը պարտավոր է եռօրյա ժամկետում քննել դիմումը և կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին: