Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ստեղծեց իր «Ելք» դաշինքը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ժամանակ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին՝ աջակցության համար՝ ընդգծելով Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների և ՀԱՊԿ-ին անդամակցության կարևորությունը։

«Ի պատասխան՝ ՌԴ նախագահը զգալի ջանքեր գործադրեց՝ «ցերեկ ու գիշեր աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածության հասնելու համար», – ընդգծել է Լավրովը։

Ըստ նրա՝ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային ուղիների բացման և հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ՝ այս գործընթացներում Ռուսաստանի ակտիվ դերակատարության շնորհիվ․ «Միաժամանակ Եվրամիությունն ակտիվացրել է Հայաստանին և Ադրբեջանին իր ազդեցության ուղեծր բերելու ջանքերը, ինչի հետ համաձայնել է Փաշինյանը՝ նախընտրելով աշխատել ԵՄ-ի և ԱՄՆ-ի շրջանակներում։ Արդյունքում սա հարված հասցրեց Ռուսաստանում նախատեսված հանդիպումներին»։

Լավրովը կարևորել է 2022 թվականի առանցքային պահը, որը տեղի է ունեցոլ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Մակրոնի նախաձեռնած գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչել են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իրավիճակի յուրահատկությունն այն էր, որ Ռուսաստանը նախապես տեղեկացված չէր այս որոշման մասին, ինչը զարմանք ու հարցեր առաջացրեց հայկական կողմի գործողությունների վերաբերյալ։

«Երբ ինքը ստորագրեց, որ այս տարածքը Ադրբեջանի մաս է, կարգավիճակի հարցը վերացավ, իսկ երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը հարցրեց Վլադիմիր Պուտինին, պատասխանն այսպիսին էր. «Կներեք ի սեր Աստծո, դուք որոշեցիք, որ նրանք քաղաքացիներ չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության», – հավելել է Լավրովը։

Այսօր, չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պատմական և բարեկամական կապերին, հայաստանյան քաղաքական դիսկուրսում տեղաշարժ կա դեպի Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդում, ընդգծում է ՌԴ ԱԳ նախարարը։ Իրերի այս վիճակը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ, ըստ Լավրովի, այն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին և ռուս-հայկական հարաբերություններին։

«Այսինքն, ըստ էության, շրջանակը փակվում է, և Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ստեղծեց իր «Ելք» դաշինքը»,- ասել է Լավրովը։

«Ելք» քաղաքական դաշինքը ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերի 12-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով։ Դաշինքը 9 պատգամավորով ներկայացված է եղել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովում։ Դաշինքը փաստացի լուծարվել է 2018 թվականի նոյեմբերին, երբ անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը որոշեց առանձին գնալ խորհրդարանական ընտրություններին։

Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումների վերափոխումը և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների էվոլյուցիան արտացոլում են միջազգային հարաբերությունների բարդությունն ու դինամիզմը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել