Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշման փոփոխության վերաբերյալ իր դիտարկումներով՝ նրա ընդդիմադիր գործունեությունից մինչև երկրի կառավարման ներկա շրջանը։

Լավրովը հիշեցրել է, որ ընդդիմության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում էր «Ելք» դաշինքը, որը ընդգծված դիրքորոշում ուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։

Դաշինքը, Լավրովի խոսքով, կապեր ուներ Սորոսի հիմնադրամի հետ։

Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը, հիշում է Լավրովը, միանշանակ աջակցել է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տնտեսական զարգացման և Հարավային Կովկասում Հայաստանի մեկուսացումը կանխելու համար։

«Ես շատ լավ հիշում եմ, որ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ հանդիպել է նրա հետ՝ ամեն կերպ ընդգծելով, որ մենք առաջնորդվելու ենք ոչ թե նախկին փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը կառուցելու հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը և Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար հիմնարար կառույցներ են»,-նշեց Լավրովը։

Նա հավելել է, որ այս ընթացքում՝ մինչև 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության սրումը, Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդության և աջակցության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել