Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասով որոշում հնարավոր է լինի, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի կողմերի միջև, այս պահին վերջնական որոշում չկա, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք որոշում կա՞ սահմանազատումը սկսել Տավուշի մարզից՝ Գրիգորյանն ասաց. «Հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա»:
Նրա վստահեցմամբ՝ մինչև վերջնական որոշումներ չլինեն կարևորագույն սկզբունքների՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական հարցերի շուրջ, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին վերջնական որոշում չի կարող լինել:
«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու մասով որոշում հնարավոր է լինի այն դեպքում, երբ որ մնացած սկզբունքային հարցերի՝ անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,-ասաց փոխվարչապետը:
Փոխվարչապետի խոսքով՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց հարցեր կան, որոնց շուրջ կոնսենսուս չկա: