Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Արծարծվել են Արցախում փաստաբանության ինստիտուտի գործունեությանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ փաստաբանության ինստիտուտը համարվում է իրավական պետության առանցքային բաղադրամասերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով Արցախի եւ Հայաստանի համապատասխան մարմինների միջեւ կապերի շարունակական ամրապնդումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Ալեքսանդր Գալստյանը եւ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության Նախագահի կայքից:
Լուսանկարը` president.nkr.am-ի: