Ռազմական ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ կարող է կիրառել հետևյալ դեպքերում.
1) իր կամ այլ անձի կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակմանը դիմակայելիս
2) իր կամ այլ անձի կամ պահպանվող օբյեկտի, գույքի, ռազմական շարասյուների կամ շարժակազմերի դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ իրավախախտը ֆիզիկական դիմադրություն է ցույց տալիս
3) հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած անձին վնասազերծելիս, եթե նա փորձում է թաքնվել, կամ երբ ակնհայտ է, որ նա մտադիր է ցույց տալ զինված դիմադրություն, և այլ ոչ բռնի մեթոդներով նրա վնասազերծումը հնարավոր չէ
4) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ռազմականոստիկանության ծառայողի օրինական պահանջը
5) ռազմական ոստիկանության ծառայողի հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:
Տեղեկացնենք, որ ռազմական ոստիկանության ծառայողին արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց, ինչպես նաև անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է ռազմական ոստիկանության ծառայողին, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, ռազմական ոստիկանության ծառայողի կամ այլ անձի կյանքին և առողջությանը, պահպանվող օբյեկտի կամ գույքի անվտանգությանն սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի:
Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների կիրառումը չպետք է խախտի այլ անձանց օրինական իրավունքներն ու ազատությունները, վնաս հասցնի նրանց կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին: