Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կառլեն Ստեփանյանի, Նիկոլայ Գևորգյանի և Կարեն Բանդուրյանի: Վերջիններիս մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ Կառլեն Ստեփանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով, նախնական համաձայնության գալով Նիկոլայ Գևորգյանի և Կարեն Բանդուրյանի հետ, 2011թ. դեկտեմբերի 27-ին ավտոմեքենայով ուղևորվել են Նորքի 1 զանգ. և կայանել Սթար սուպերմարկետի հարևանությամբ:
Այնուհետև նախօրոք պայմանվորվածության համաձայն մուտք են գործել մոտակա խանութ սրահ, որտեղ Արմինե Հովսեփյաի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ դանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում են գործել վերջինիս նկատմամբ, կպչուն ժապավենով կապել են ձեռքերը, ոտքերը և բերանը:
Խանութից հափշտակել են 1500 ԱՄՆ դոլար, 100.000 ՀՀ դրամ կանխիկ գումար ու դիմել փախուստի, իսկ հափշտակած գումարը բաժնել 3 հավասար մասերի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալներին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի, 2-րդ մասի, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ ամբաստանյալներից երկուսը՝ Նիկոլայ Գևորգյանը և Կարեն Բանդուրյանը նախկինում եղել են դատված, դատվածությունը չմարված, իսկ Կառլեն Ստեփանյանը նախկինում չի դատապարվել:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net