2013 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բարձրաձայնել է քաղաքապետարանի ոչ հրապարակային աշխատելանքի հարցը և որպես հիմնավորում նշել 2013 թվականի “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությանը քաղաքապետարանին շնորհված ժանգոտ կողպեք մրցանակը: Անահիտ Բախշյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ի պատասխան իր հարցադրմանը, հայտարարել է, թե “տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» ժանգոտ կողպեք մրցանակը սխալմամբ է տրվել Երևանի քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ հ/կ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում”:
“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հայտարությունը չի համապատասխանում իրականությանը. արդեն 11-րդ անգամ կայացած “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներին որոշում է ոչ թե Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միանձնյա, այլ` հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներից կազմված մրցանակաբաշխության ժյուրին` առաջնորդվելով սահմանված չափորոշիչներով, հետևապես ԻԱԿ-ի ղեկավարությունը իրավասու չէ և չի կարող որևէ մեկից ներողություն խնդրել մրցանակաբաշխության արդյունքների համար:
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանն արժանացել է 2013 թվականի սեպտեմբերին կայացած “Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությանը Երևանի քաղաքապետարանն արժանացել է ժանգոտ կողպեք մրցանակին` որպես տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող կառույց: Ավելին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգրկվել է ԻԱԿ-ի 2013 թվականի 3-րդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակում `ԻԱԿ-ի հարցումներին 1 ամիս 7 օր ուշացումով պատասխանելու համար:
Առաջարկում ենք Երևանի քաղաքապետին ծառայողական քննություն անցկացնել` պարզելու, թե ինչի հիման վրա է աշխատակազմի քարտուղարը նման հայտարարություն արել:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն