Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն «ոչնչացում» մաքսային ռեժիմն ընտրելու դեպքում` ապրանքներ տեղափոխող անձը մաքսային մարմիններ է ներկայացնում «ոչնչացում» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման համար սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագիր, որում արտացոլված տեղեկությունները սահմանված կարգով ներառվում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի տվյալների բազայում:
«Ոչնչացում» ռեժիմը կարգավորում է ապրանքների ոչնչացումը մաքսային հսկողության ներքո` դրանց հետագա օգտագործումն անհնարին դարձնելու նպատակով:
«Ոչնչացում» մաքսային ռեժիմը կիրառվում է ապրանքներ ներմուծող անձի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների.
բ) ապրանքների ոչնչացումն իրականացվում է ապրանքներ տեղափոխող անձի հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կարող կիրառվել «ոչնչացում» ռեժիմը:
Աշխատանքային խումբը ոչնչացման արդյունքները ձևակերպում է ոչնչացման ակտով, որում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, վայրը, ժամանակը, դրանց` հանձնաժողովի որոշման պահանջների հետ համապատասխանությունը, կատարված ծախսումների գումարի չափը և այլ տեղեկություններ: Ոչնչացման ակտն ստորագրում են աշխատանքային խմբի բոլոր անդամները: Եթե աշխատանքային խմբի անդամներից որևէ մեկն իրականացված աշխատանքների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին և կազմում է ոչնչացման ակտի անբաժանելի մասը:
Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտեր են կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:
Ոչնչացման ակտը կազմվում է առնվազն 5 օրինակից, որից մեկական օրինակ պարտադիր տրվում է հարկային մարմնի ներկայացուցչին, մաքսային մարմնի ներկայացուցչին, ապրանքները հայտարարագրող անձին, ոչնչացումն իրականացնող անձին և հանձնաժողովին:
Պետական կառավարման մարմինները պարտավոր են ոչնչացման ակտերը պահպանել ակտի կազմմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից առնվազն 3 տարի: