Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հայաստանի Հանրապետությունում կատարման ենթակա միջազգային արբիտրաժի վճիռները կամ որոշումները նույնպես ենթակա են ճանաչման, եթե տվյալ միջազգային արբիտրածի վերաբերյալ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն`
1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության վերաքննիչ դատարանը.
3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, որի իրավասության մեջ մտնող տարածքում պետք է կատարվի դատական ակտը, եթե վերջինս կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը.
Եթե միջազգային արբիտրածի որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու համար տվյալ միջազգային արբիտրաժի վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան ենթակա են ճանաչման, ապա ճանաչման վերաբերյալ որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:
Ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրածի որոշումը` ըստ իրավասության Հայաստանի Հանրապետության դատարաններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Օտարերկրյա պետության դատարանի դատական ակտի կամ միջազգային արբիտրաժի որոշման ճանաչման վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը եռօրյա ժամկետում ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` ուղարկելով որոշման պատճենը: