Ի՞նչ կարգով են նշանակվում արբիտրները արբիտրաժում

Հայաստանի Հանրապետությունում արբիտր կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ, եթե կողմերի համաձայնությամբ ավելի բարձր տարիք նախատեսված չէ:

Կողմերն ազատ են արբիտրաժային համաձայնությամբ սահմանելու արբիտրին ներկայացվող ցանկացած պահանջ: Ոչ ոք չի կարող իր քաղաքացիության պատճառով զրկվել արբիտր նշանակվելու իրավունքից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

Կողմերն ազատ են համաձայնեցնելու արբիտրի կամ արբիտրների նշանակման ընթացակարգը` օրենսդրության դրույթների պահպանմամբ:

Եթե վերոհիշյալ համաձայնությունը բացակայում է`

1) երեք կամ ավելի արբիտրներով իրականացվող արբիտրաժի դեպքում յուրաքանչյուր կողմը նշանակում է հավասար թվով արբիտր, և այդ կերպ նշանակված արբիտրները ձայների մեծամասնությամբ նշանակում են վերջին արբիտրին, որը հանդես է գալիս որպես տրիբունալի նախագահող: Եթե մի կողմը արբիտր նշանակելու մասին մյուս կողմի պահանջը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, չի նշանակում արբիտր, կամ կողմերի նշանակած արբիտրներն իրենց նշանակման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, համաձայնություն ձեռք չեն բերում վերջին արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:

2) միանձնյա արբիտրի մասնակցությամբ արբիտրաժի դեպքում, եթե կողմերը չեն համաձայնվում արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է այն կողմերի արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված նշանակողը, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել