Փետրվարի 23-ին, ժամը 04:33-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում՝ Գեղհովիտ բնակավայրի հարևանությամբ ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. ուղևորներին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ահազանգին անմիջապես արձագանքել է Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր հասնելով փրկարարական ծառայողները պարզել են, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, ցրտի և տեղանքի բարդության պատճառով ուղևորները գտնվում են անօգնական վիճակում:
Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն կազմակերպել են վարորդի և 3 ուղևորի անվտանգ տեղափոխումը հրշեջ-փրկարարական ջոկատ ժամանակավոր գիշերակացի՝ մինչ վերջիններս կարողացել են իրենց ուժերով շարունակել ճանապարհը։