Նախատեսվում է Դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 30-ով

Ինչպես արդեն հայտնել ենք, նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվն ավելացնել 10-ով։

Արդարադատության նախարարության կողմից մշակված մեկ այլ նախագծի համաձայն նախատեսվում է նաև Դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 30-ով, մասնավորապես յուրաքանչյուր դատավորի աշխատակազմում ընդգրկված 3 աշխատակցով՝ դատավորի օգնական, դատավորի գործավար և նիստերի քարտուղար:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։

Օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսվել է, որ օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով:

Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելու անհրաժեշտություն, որն, իր հերթին, անհրաժեշտություն է առաջ բերում ավելացնել համապատասխան հաստիքներ, որոնք օժանդակելու են դատավորների աշխատանքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել