Պատգամավորն առաջարկում է հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողների և կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների կրթությունը բուհերում կազմակերպել մրցույթից դուրս՝ անվճար

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, որի համաձայն ՀՀ-ում գործող բուհերում, քոլեջներում և ուսումնարաններում ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության և ուսումնառության իրավունք կտրվի`

1. զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին,

2. երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքում համապատասխան իրավակարգավորման բացակայության պայմաններում առկա է այնպիսի իրավիճակ, որ պայմանագրային զինծառայողը, այդ թվում՝ սպան, որը ներգրավված է մեր երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում, ստանալով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգ, և շատ դեպքերում հաշմանդամության պատճառով շարքից դուրս գալով եւ արձակվելով զինվորական ծառայությունից, զրկված է պետական բյուջեի հաշվին կրթություն ստանալու հնարավորությունից:

«Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույն խնդրի առջեւ. համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, եւ արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ եւ չտեսնելով իրավիճակից դուրս գալու գոնե տեսական հնարավորություն, սկսում է լրջորեն մտածել երկրից հեռանալու մասին:

Հավելենք, որ պետական բյուջեի հաշվին համապատասխան կարգավորման բացակայության եւ ներկա սոցիալական իրականության պայմաններում պայմանագրային զինծառայողները դժվարանում են առօրյա ծախսերի հետ մեկտեղ իրենց հաշվին ստանալ կրթություն եւ քաղաքացիական մասնագիտություն:

Պայմանագրային զինծառայողների հետ տեւական հանդիպումների ժամանակ խնդրի քննարկման շրջանակներում զինծառայողները հատկապես ընդգծում են լրացուցիչ հնարավորության բացակայության խնդիրը այն առումով, որ հաշմանդամության ձեռքբերման արդյունքում ծառայությունից դուրս գալու պայմաններում զրկված են պետական բյուջեի հաշվին կրթական իրավունքի իրացումից եւ քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, որն այլ աշխատանք գտնելու տեսանկյունից կարեւոր նշանակություն կունենար:

Կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Այսինքն, այդ պահից սկսած վերջիններս կարող են այլեւս չերկարաձգել իրենց պայմանագրերը եւ հաշվառվել պահեստազորում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն եւ ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունից դուրս եկած՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած զինծառայողները երբեմն նույնիսկ մի քանի տեղ են ստիպված աշխատել, որպեսզի կարողանան հոգալ իրենց եւ իրենց ընտանիքի կարիքները եւ չընտրեն արտագաղթի ճանապարհը, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին պետական բյուջեի հաշվին ուսումնառության հնարավորության ընձեռումը ձեռք է բերում արդիական հնչեղություն:

Առաջարկվող փոփոխությունը նաեւ բխում է ՀՀ կառավարության ծրագրի՝ պաշտպանությանը վերաբերող գլխի դրույթներից, որտեղ խնդիր է դրված բարձրացնել զինվորական մասնագիտության գրավչությունը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել