Տուգանք՝ ախտորոշիչ կաբինետներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսախցիկների տեղադրման դեպքում

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված լրացմամբ արգելվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: Իսկ տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Դրանք պետք է տեղադրվեն են այնպես, որ տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնում մարտի 1-ին։

2023-ի սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Հրաչյա Հակոբյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և  սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը նշել է, որ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները կարող են պահպանվել՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան: Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչեւ խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի, քան՝ վեց ամիս:

Բադալյանը նշել է, որ նախագիծը մշակվել է մի շարք բողոքների հիման վրա: Զեկուցողի հավաստմամբ, այսպես կոչված, մանիպուլյացիոն սենյակներում պացիենտներն են հայտնաբերել տեսախցիկ և դիմել են պատգամավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչի արդյունքում պատգամավորները հոդվածի արգելող հատված են գրել:

Պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաշվի է առնվել հակառակ կողմի տեսակետը, խնդիրը քննարկվե՞լ է ԲԿ-ների հետ:

«Մենք լսել ենք հակառակ կողմի տեսակետը: Խնդիրը, որի հետ առնչվել ենք, բողոքները համատարած բնույթ չեն կրում, այնպես չէ, որ բոլոր արգելված սենյակներում տեսախցիկներ են տեղադրված: Որոշակի հետազոտություն կատարելուց հետո պարզել ենք, որ դրանք վաղուց տեղադրված տեսախցիկներ են, որոնք տեղադրվել են կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու համար»,- ասել է հիմնական զեկուցողը:

Այսպիսով, տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում՝ մարտի 1-ից առաջացնելու է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի դեպքում՝ 50 հազար դրամի չափով:

Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների օգտագործման և պահպանման կարգի խախտումը՝ առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել