*#62# կոդի միջոցով հնարավոր չէ արձանագրել գաղտնալսումը: Թեմային անդրադարձել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Սոցիալական մեդիայում, մասնավորապես Instagram, TikTok հարթակներում տարածվում են տեսանյութեր, որոնք պնդում են, թե *#62# կոդը հեռախոսով հավաքելով հնարավոր է հայտնաբերել, թե ովքեր են ձեզ գաղտնալսում։ Այս հարցով CyberHUB-AM ՏՏ աջակցության նախաձեռնության անդամներին են դիմել բազմաթիվ օգտատերեր՝ ճշգրտելու տեղեկատվության իսկությունը։
Փաստն այն է, որ *#62# կոդը թույլ է տալիս ստուգել բջջային օպերատորի կողմից հեռախսահամարին կցված այն համարը, որը նախատեսված է վերահասցեավորման համար։ Սա նորմալ պրակտիկա է հեռահաղորդակցության ոլորտում։ Երբ հավաքում եք նշված կոդը, ձեզ տեսանելի է դառնում վերահասցեավորման հեռախոսահամարը։ Ավելի պարզ լինելու համար դիտարկենք մեկ օրինակ։ Պայմանական, եթե դուք անհասանելի եք և այդ ընթացքում ստանում եք զանգեր, ապա դրանց վերաբերյալ ստանում եք ծանուցումներ SMS հաղորադգրության տեսքով։ Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե վերահասցեավորում՝ օպերատորի կողմից նախատեսված այլ համարին չլիներ։ Ընդ որում, այդ վերահասցեավորման համարները չեն պատկանում որևէ անհատի։
Ինչ վերաբերում է գաղտնալսմանը, ապա հարկ է նշել, որ բջջային բաց կապով ցանկացած հաղորդակցություն կարող է գաղտնալսվել ԱԱԾ-ի, ոստիկանության և այլ լիազոր մարմինների կողմից։ Եթե ցանկանում եք առավել ապահով և անվտանգ շփում, ապա զանգերն անհրաժեշտ է կատարել մեսենջերների միջոցով։ Է՛լ ավելի ապահով եղանակը՝ ծայրից-ծայր ծածկագրվող մեսենջերներն են, օրինակ Signal-ը, Telegram-ը, Messenger-ը և այլն»: