ՔՏՀԱ տեսչական մարմինը խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները 2024թ․ փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

Այս մասին հայտնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

Մեկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 10 տրանսպորտային միջոց։
Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք, որ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներն ու մասնավոր ընկերությունները պետք է լիցենզավորված լինեն։ Սահմանված կարգի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունում ներգրավված մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, իսկ ուղեսրահում՝ ուղևորին տեսանելի մասում պետք է տեղադրված լինի սակաչափիչ, մեքենան պետք է ունենա համապատասխան կահավորում՝«Աէրոտաքսի» գրառում և տաքսու շախմատաձև տարբերանշան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել