Ազգային ժողովում փետրվարի 12-ին կայացել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից հրավիրված աշխատանքային քննարկում՝ «Երևանը և կոռուպցիան» խորագրով։ «Երևանի կառավարման օղակներում կոռուպցիայի ամենատարբեր դրսեւորումների բացահայտումների պակաս չկա հանրային դաշտում: Ի՞նչ ընթացք են ունենում այդ հանրայնացումները, ովքե՞ր, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում յուրաքանչյուր դեպքով»,-քննարկման մասին նշել է Թագուհի Թովմասյանը։
Համակարգային կոռուպցիան մեր երկրում դեռ չի վերացել։ «Դրա մասին է վկայում այն փաստը, որ վերջին 4 տարիների ընթացքում կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշում ճահճացման ցուցանիշ ունենք, չնայած՝ բազմաթիվ հակակոռուպցիոն ծրագրերի, դատաիրավական բարեփոխումների»,-իր խոսքում նշել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ Մովսես Արիտսակեսյանը։ Նա նաև նշել է, որ քաղաքային իշխանությունները չեն համագործակցում քաղհասարակության կազմակերպությունների հետ։ «CEPA-ի (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) 21-րդ գլխում նախատեսված է, որ իշխանությունները պետք է իրականացնեն ծրագրերի մոնիթորինգ՝ ներգրավելու քաղհասարակության կազմակերպություններին։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսված է 500 մլն դրամ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատելու համար։ Երբ մենք հարցնում ենք, թե որտե՞ղ են ծախսվում այդ գումարները՝ տեղեկատվություն չենք ստանում»,-ասել է Մովսես Արիստակեսյանը։
Քննարկմանը հրավիրված էին ԱԺ խմբակցությունների, Երևանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության հակակոռուպցիոն խորհրդի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, դատախազության, ոստիկանության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքացիական հասարկության կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքային պլանավորման մասնագետներ:
Քննարկման մասնակիցների խոսքով՝ վերոնշյալ հրավիրյալներից ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» խմբակցությունների, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Մայր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, Ներքին գործերի նախարարության ներկայացուցչիը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ Արկադի Սահակյանը և Մովսես Արիստակեսյանը, ինչպես նաև, քաղաքային պլանավորման մասնագետներ, անկախ փորձագետներ, Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների, ՀՀ-ում եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ։