Ավելի քան 30 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Էդվարդ Նահապետյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 12-ին որոշում է ընդունել, որով դադարեցվել է դատավոր Էդվարդ Նահապետյանի լիազորությունները՝ տարիքը լրանալու հիմքով։

Հիշեցնենք՝ 2022-ի դեկտեմբերին խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը` Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել այն և հայտարարել խիստ նկատողություն:

Ըստ ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի, դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ենթադրյալ խախտումներ:

Նշենք, որ Նահապետյանը 1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Ամասիայի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Գյումրիի Մոսկովյան ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:

2021 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-130-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել