Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Բարձրագույն դատական խորհուրդն առաջարկել է Գևորգ Սոսյանի թեկնածությունը։
«2024 թվականի փետրվարի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Գևորգ Միքայելի Սոսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գևորգ Միքայելի Սոսյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաև Գևորգ Միքայելի Սոսյանի՝ Վարչական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: