Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար կրկին կկազմակերպվի կամավոր ատեստավորում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը). չաշխատողի դեպքում տվյալ նշումը չի արվում,
3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) անձի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) կրթությունը հավաստող փաստաթուղթը:

Ատեստավորումն իրականացվում է գրավոր եղանակով՝ բոլոր առարկաներից:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:

Հիշեցնենք, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման ևս մեկ հնարավորություն են ունեցել 2023 թվականին:

Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։ Հունվարի 9–ին մասնագետների պահանջները լսելու համար նրանցից 3-ին ընդունել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա խոստացել էր միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել