Քաղավիացիայի նախկին պաշտոնյայի պատճառով պետությանը 274 մլն դրամի վնաս է պատճառվել․ ՔԿ

ՀՀ քաղավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից 2004-2016 թթ. ընթացքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 274 մլն դրամի վնաս։ Պաշտոնյային ու ևս երկու անձի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ տվյալ անձը, 2009 թ. տեղեկացված լինելով ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի շրջանակներում պետպատվերի հիմունքներով տարեկան 4-5 օդաչու պատրաստելու անհրաժեշտության մասին և անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, 2012 թվականից միջոցներ չի ձեռնարկել քաղավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու ուղղությամբ։
«Ավելին` «Diamond DA-40» սերիայի օդանավ ձեռք բերելու և վարձակալությամբ հանձնելու համար իրեն փաստացի պատկանող, սակայն հորեղբոր որդու անվամբ գրանցված ՍՊ ընկերության միջոցով բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայում գործող ընկերության հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ներմուծված «Diamond DA-40» սերիայի օդանավը չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, սակայն տվյալ պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ընկերության աշխատակիցներից մեկին բանավոր հանձնարարել է «Diamond DA-40 TDI» սերիայի օդանավի վարձակալության պայմանագիրը կնքել մեկ թռիչքային ժամը 218.900 դրամով։

ՓԲ ընկերության պաշտոնյան կազմել է նախահաշվային գնի և շուկայական գնի համեմատության վերաբերյալ կեղծ բացատրագիր այն մասին, թե իբր մեկ թռիչքային ժամի համար 218.940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին։ Դա այն պայմաններում, երբ 2008-2011թթ․ ընթացքում ՓԲԸ-ի կարիքների համար ԱՄԷ-ում գրանցված մեկ այլ ընկերության և նշված ՓԲԸ-ի միջև կնքված՝ ուսումնական օդանավի վարձակալության պայմանագրերով օդանավի մեկ ժամի վարձակալության առավելագույն արժեքը կազմել է 130.603 դրամ:

Այնուհետև, հաշվի չառնելով, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին, 2013թ. հունիսին ՓԲԸ-ի անունից հիշյալ ՍՊԸ-ի հետ կնքել է մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով օդանավը վարձակալելու պայմանագիր, իսկ 2016-2018թթ. հիշյալ պայմանագիրը հետագա փոփոխություններով վերակնքվել և գործել է մինչև 2018թ. սեպտեմբեր: Ընդ որում` օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ պայմանագրի գործողության ընթացքում, առանց հիմնավորման, օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է. 2015 թվականից հիշյալ օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը դարձել է 257.580 դրամ, իսկ 2018 թվականի ապրիլից- սեպտեմբեր՝ 240.000 դրամ:

Ըստ ՔԿ–ի` հիշյալ պաշտոնյան, իրեն փաստացի պատկանող ընկերության գերշահույթն ավելացնելու նպատակով, 2014թ.–ին ընկերության աշխատակցի հետ համատեղ հաստատել է ՓԲԸ-ի ուսումնական պլանը, որով յուրաքանչյուր ուսանողի համար նախատեսված 150 ժամ ուսումնավարժանքային թռիչքները փոխարինել են 170 ժամով, իսկ 2015թ. թռչող ապարատների «թռիչքային շահագործում» մասնագիտության անվճար ուսումնական տեղերի հայտերի թիվը ամենամյա 5-ից դարձրել են 7, այն դեպքում, երբ արդեն իսկ նշված կենտրոնի շրջանավարտները ազգային ավիափոխադրող ընկերության բացակայության պատճառով չեն ունեցել քաղաքացիական ավիացիայի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված հայեցակարգով նախատեսված 5 տարի ժամկետով աշխատելու պայմանագիր:

Բացի այդ, նույն պաշտոնյան, 2016թ. հունիսին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերին, կազմակերպել է ՍՊԸ-ի 99% բաժնեմասի սեփականության իրավունքի փոխանցումն իր մորը:

Ըստ հաղորդագրության` ՓԲԸ-ի կարիքների համար օդանավի վարձակալության համար հատկացված գումարներից 2013-2018թթ. ընթացքում վերոհիշյալ՝ իրեն փաստացի պատկանող ՍՊԸ-ին անհիմն ավել է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 274.189.598 ՀՀ դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Մեղադրանք է ներկայացվել պաշտոնյային, նրա մորը և ՓԲԸ–ի աշխատակցին։ Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել