Վահե Ղազարյանը Պոլիտեխնիկի շրջանավարտներին ներկայացրել է ոստիկանությունում կարիերայի հեռանկարները

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունվարի 30-ին հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը կարևորել է ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպումները՝ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նոր կադրեր ներգրավվելու տեսանկյունից, և ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու անդրադարձել Քրեական ոստիկանության ձևավորման աշխատանքներին։

«Վահե Ղազարյանը կարևորել է ստեղծվող ստորաբաժանումը նոր կադրերով համալրելը և ներկայացրել կարիերայի հեռանկարները։ Նա խոսել է նաև ՆԳՆ կրթահամալիրում հնգամսյա ուսուցման, սոցիալական երաշխիքների և ծառայության ուղղությունների մասին։

Նոր ձևավորվող Քրեական ոստիկանության, նպատակի և ընդունելության մասին են խոսել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Արշակ Արշակյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կայացել է ակտիվ քննարկում։ Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին կիբեռհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներով համալրելով՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն։

ՀՀ ՆԳՆ-ն հիշեցնում է, որ հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 1-ը։ Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցույթային տեղ: Մրցույթային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել