ՀՀ դատավորների միության խորհրդը՝ (այսուհետ` Խորհուրդ) ղեկավարվելով Եվրոպայի խորհրդի կողմից 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» խարտիայի 1.7-րդ կետով և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 29.11.1985 թվականին հավանության արժանացած Դատական մարմինների անկախությանը վերաբերող հիմնարար սկզբունքների 9-րդ կետով, քննարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 21-24-ի նիստերի օրակարգում ընդգրկված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:
Խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է երաշխավորող նորմը, համաձայն որի. «Դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները չեն կարող պակասեցվել նրա պաշտոնավարման ընթացքում» և նկատի ունենալով, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը հավելավճարների մասով հանդիսանում է դատավորների իրավական վիճակը վատթարացնող օրենք,
հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասը (Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն) առաջարկել է.
– Նախագծից հանել հավելավճարների հաշվարկման կարգի և չափի մասով նախատեսված կարգավորումները օրենքի ուժի մեջ մտնելու պահինպաշտոնավարող դատավորների նկատմամբ կիրառելի լինելու վերաբերյալ դրույթները (Նախագծի 32-րդ հոդվածի 5-րդ մաս),
– Նախագծի «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերնագրված Գլուխ 11-ում ուղղակիորեն սահմանել, որ օրենքի ուժի մեջ մտնելու պահին 13-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը չեն տարածվում պաշտոնավարող դատավորների նկատմամբ:
Միաժամանակ, Խորհուրդը քննարկելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ուժով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը
գտել է, որ միջազգային փաստաթղթերում որպես դատավորների անկախության երաշխիք նախատեսված է աշխատավարձի և դրա նկատմամբ հաշվարկվող հավելավճարի նվազեցումը կանխարգելող նորմ ազգային օրենսդրությունում ներդնելու պահանջ, հետևաբար ՀՀ օրենսդրությունում առկա այդ չափանիշին համապատասխանող նորմն ուժը կորցրած ճանաչելը ուղղակիորեն կհակասի նշված պահանջին: Վերջին դիրքորոշման համար հիմք է ընդունվել նաև այն, որ Օրենսդիրը չի նախատեսում որևէ այլ իրավական ակտով համարժեք նորմ-երաշխիքի սահմանում:
Նախագծի հիմնավորումների ուսումնասիրությունից Խորհուրդը եզրահանգել է, որ դրանք վերաբերում են միայն դատավորների աշխատավարձի սահմանման կարգին, իսկ վերը քննարկվող նորմն ուժը կորցրած ճանաչելու մասին որևէ հիմնավորում չի պարունակվում:
Նշվածի հիման վրա Խորհուրդն առաջարկում է նաև.
– Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հանել ՀՀ դատական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կարգավորումը:
Խորհրդի եզրակացությունն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: