Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 17-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Գլխավոր դատախազության 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 11846 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
«1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2024 թվականի հունվարի 17-ից համարվում է թափուր։
2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սնանկության դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2024 թվականի հունվարի 17-ից՝ Սնանկության դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):
Դեկտեմբերի 16-ին նա կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 15-ին որոշում է ընդունել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի լիազորությունները կասեցնելու մասին։