Երևանի կենտրոնում գտնվող թանկարժեք հյուրանոցներից մեկը դատարան է դիմել․ նախագահական համարում են մնացել, բայց գումարը չեն վճարել

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող թանկարժեք հյուրանոցներից մեկը գումարի բռնագանձման պահանջի մասին դատական հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Վարդուհի. Ն» ՍՊ ընկերության։

Գործը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին և վարույթ է ընդունվել օգոստոսի 31-ին։ Դատարանի որոշմամբ՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք է դրվել։

Iravaban.net-ը պարզել է, որ ընդհանուր առմամբ 4 սենյակ է ամրագրվել․ 1 նախագահական և 3 «սուպերիոր»:

Նախագահական և 2 «սուպերիոր» համարներն ամրագրվել են 6 գիշերվա համար, իսկ մեկը՝ 3 գիշերվա։

Մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 16 միլիոն դրամ։

Նշվում է, որ դրա դիմաց վճարումը պետք է արվեր դեռևս 2022-ին, սակայն պատվիրատուն չի վճարել։

Այս գործով նիստ դեռևս չի նշանակվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել