ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունն այցելել է Հայաստանի ատոմակայան

Ատոմային էներգիայի բնագավառում Հայաստանի ու Չինաստանի համագործակցության հնարավորությունները ԱԷԿ–ում քննարկել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։

Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում, կայանի արտադրական տարածքում կազմակերպված տեխնիկական շրջայցի ընթացքում ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին:

««ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց համար հայտարարվող մրցույթներին կարող են մասնակցել նաև ոլորտում ընդգրկված չինական ընկերությունները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծին, նախանշվել են դիվանագիտական գերատեսչության միջնորդությամբ չինական ոլորտային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու եղանակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել