««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումար կամ առանց զինվորական ծառայություն անցնելու պետական բյուջե վճարելով համապատասխան գումար: Նախագծի ընդունման դեպքում, նշված բոլոր դեպքերում քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հայտարարեց, որ ընդդիմությունը դեմ չէ 27 տարին լրացած, քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիներին որոշակի վճարման դիմաց պատասխանատվությունից ազատելու նախագծին, սակայն խնդիրը նախագծի փիլիսոփայության փոփոխությունն է․ «ՀՀ-ում ուզում են հաստատել 2 կատեգորիայի քաղաքացի։ Մեկը 2,5 միլիոնով քաղաքացիություն ստանալով բանակից ազատվում է, մեկը պարտավոր է գնալ ծառայության»։
Պատգամավորը պնդեց՝ եթե անձն արտասահմանում է ապրում, դա չի նշանակում, որ ի վիճակի է վճարել 15 միլիոն դրամը։
Գեղամ Մանուկյանի ելույթին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Չի կարում մուծի, թող գա, հայրենիքին իրա պարտքը տա։ Թող գա ծառայի»։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, որին «կողմ» քվեարկեց 61, «դեմ»՝ 27, «ձեռնպահ»՝ 6 պատգամավոր։
Մանրամասները՝ տեսանյութում։