Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարաններն ու տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ այգու 4-րդ հատվածը սկսվում է Սայաթ-Նովա փողոցից (Ե. Չարենցի արձանի մոտից) և ձգվում է մինչև Նալբանդյան փողոց (Մ. Նալբանդյանի արձանի մոտ)։
«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: Այդ թվում՝ «Տաշիր պիցցա» արագ սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ» լաունջ & Ռումս սրճարանը և այլ շինություններ, կրպակներ»,– գրել է Կոստանյանը։
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի: