Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․
«Ճամբարակի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն թմրամոլության վերաբերյալ: Ըստ տեղեկության` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ օրեր առաջ գնացել էր 29-ամյա համագյուղացու տուն, որտեղ եղել էր նաև նրա 43-ամյա հարևանուհին: 28-ամյա երիտասարդը թղթե փաթեթից վերցրել էր մարիխուանա, չորացրել վառարանի վրա, լցրել պլաստիկ շշի մեջ, օգտագործել անձամբ և հյուրասիրել ներկաներին:
Նմանատիպ մի դեպք էլ եղել էր հունվարի սկզբին՝ այս անգամ հարևանուհու հայրական չբնակեցված տանը: Թմրանյութն օգտագործելուց հետո 28-ամյա երիտասարդը հյուրասիրել էր մյուս երկուսին:
Թմրանյութի հետքերով շշերը հայտնաբերվել են 43-ամյա կնոջ հայրական տանը:
Հունվարի 5-ին դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 28 և 29 տարեկան տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ հյուրասիրող երիտասարդը ձերբակալվել է, ապա` կալանավորվել: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: