ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի ներկայացված ադրբեջանցու գանգատն անընդունելի է ճանաչել

«Իսլամ Ալիևն ընդդեմ Հայաստանի» գործով ադրբեջանցին պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Iravaban.net-ը հայտնում է, որ գործը առնչվում է 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձություններին։

Դատարանի այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024-ի հունվարի 5-ին։

Այսպես․ Ադրբեջանի քաղաքացի 86-ամյա Իսլամ Ալիևը Թարթառի շրջանի Գափանլի գյուղից է։ Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու հայտնել, որ 2016 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, հայկական զինված ուժերը, կիրառելով հրետանի և նռնականետներ, սկսել են հրետակոծության ենթարկել Ադրբեջանի՝ շփման գծի երկայնքով գտնվող գյուղերն ու քաղաքները։ Այդ օրն ավելի ուշ շփման գծին մոտ տեղակայված Գափանլի գյուղի ուղղությամբ բացվել է հրետանային կրակ Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկից։

Դիմումատուն հայտնել է, թե 2016 թվականի ապրիլի 4-ին՝ կեսգիշերին մոտ, մի քանի արկ ընկել են իր տանը հարող տարածքում, որը գտնվում էր շփման գծից 400-500 մետր հեռավորության վրա։ Բեկորները կոտրել են պատուհանները և վնասել դռներն ու կղմինդրը։ Իսլամ Ալիևը և նրա ընտանիքի բոլոր անդամները եղել են տանը, սակայն վնասվածք չեն ստացել։ Կազմված զննության արձանագրության համաձայն՝ հրետակոծության հետևանքով վնասվել է 48 քառ.մ մակերեսով պատուհանի ապակին, 250 քառ.մ մակերեսով ասբեստից կղմինդրները և մի քանի դուռ։

Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ հարձակվող ուժերի գործողությունների հետևանքով վտանգվել է իր կյանքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և տառապանք, և խախտվել է իր՝ ընտանեկան կյանքի և բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Նա նաև նշել է, որ իր բնակարանը վնասվել է հրետակոծության հետևանքով՝ այսպիսով զրկելով նրան իր գույքից անարգել օգտվելու հնարավորությունից։ Նա վկայակոչել է Կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 8-րդ հոդվածները (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը (Սեփականության պաշտպանություն)։

Ալիևը պնդել է, թե իր բողոքների համար Հայաստանում չեն գործում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, ինչպես նաև պնդել է, որ «ռազմական հարձակումներն ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել են նրանց էթնիկ և ազգային ծագման հիմքով»։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանին հայտնել է, որ տևական ժամանակ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներ հնչեցնելուց հետո 2016 թվականի ապրիլի 1-2-ը՝ գիշերը, Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ հարձակում շփման գծի երկայնքով։

Լեռնային Ղարաբաղի ուժերը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը դարձել են հրետանու, տանկերի, զրահամեքենաների, նռնականետերի և օդուժի կողմից ծանր հրետակոծությունների թիրախ։ Մի քանի քաղաքներ և գյուղեր ենթարկվել են ուժգին հրետակոծության, և պաշտոնատար անձինք տարհանել են մոտ 5000 բնակիչ։ Սպանվել կամ վիրավորվել են գրեթե երկու տասնյակ քաղաքացիական անձինք։ Թե՛ ԼՂՀ ուժերը և թե՛ Ադրբեջանը կորցրել են մեծաթիվ զորքեր և ռազմական տեխնիկա։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի նա չի փորձել դիմել Հայաստանի կամ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ ներպետական օրենսդրության համաձայն իր իրավունքն իրացնելու համար։ Նշվել է, որ այս առումով ցանկացած գործնական խոչընդոտ Ադրբեջանի Հանրապետության կառավարության և պատկան մարմինների վարքագծի ու քաղաքականության հետևանքն է․ «․․․ՀՀ կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Նրանք նշել են, մասնավորապես, որ չի ներկայացվել որևէ բժշկական փաստաթուղթ կամ այլ առերևույթ ապացույց, որով ի ցույց կդրվեր, որ դիմումատուի կյանքին վտանգ է սպառնացել։ Նույնիսկ առկա չէ որևէ նշում առ այն, որ համապատասխան ժամանակահատվածում դիմումատուն կամ նրա ընտանիքը գտնվել է տանը կամ գյուղում։ Ընդ որում, նա չի ներկայացրել ենթադրաբար վնասված տան սեփականության վկայական»։

Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը լիովին համամիտ էր դիմումատուի՝ գանգատի ընդունելիության և գործի հանգամանքների վերաբերյալ դիրքորոշման հետ։

Սակայն ՄԻԵԴ-ն ադրբեջանցու գանգատն անընդունելի է ճանաչել։

Դատարանը նշել է, գործով քննության առարկա հանդիսացող թշնամանքի ակտիվ փուլը միանգամայն տարբեր էր, քանի որ այն ներառել է շփման գծի երկու կողմերի զինված ուժերի կողմից ռմբակոծություն և հրետակոծություն՝ փորձելով պարտության մատնել հակառակորդի ուժերին և գրավել տարածքը։ Գործի փաստական տարրերում արտացոլված չէ տվյալ անհատների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ նրանց մոտ լինելու որևէ դեպք։ Այսպիսի հանգամանքներում հնարավոր չէ ասել, որ առկա է եղել «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության իրականացում» անհատների նկատմամբ այն իրադարձությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ դիմումատուն ներկայացրել է բողոքներ։

Դատարանը գտել է, որ ռազմական գործողությունները և այս գործով դիտարկվող՝ դրա հետևանքները Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակում չէին Կոնվենցիայի 1-ին հոդվածի (Մարդու իրավունքները հարգելու պարտականություն) իմաստով՝ տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» առումով կամ անհատների նկատմամբ «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության իրականացման» առումով։

ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի բոլոր բողոքները պետք է հայտարարվեն անընդունելի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել