Առևտրային ներկայացուցիչ է համարվում ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ձեռնարկատերերի անունից պայմանագրեր կնքելիս նրանց մշտապես և ինքնուրույն ներկայացնող անձը:
Գործարքի տարբեր կողմերի միաժամանակյա առևտրային ներկայացուցչություն թույլատրվում է այդ կողմերի համաձայնությամբ և օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Առևտրային ներկայացուցիչն իրավունք ունի պայմանագրի կողմերից հավասար չափերով պահանջել վճարելու պայմանավորված վարձատրությունը և հատուցելու հանձնարարության կատարման ընթացքում իր արած ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Առևտրային ներկայացուցչությունն իրականացվում է գրավոր կնքված և ներկայացուցչի լիազորությունների մասին ցուցում պարունակող պայմանագրի, իսկ նման ցուցումների բացակայության դեպքում` լիազորագրի հիման վրա:
Առևտրային ներկայացուցիչը պարտավոր է առևտրային գործարքների մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները գաղտնի պահել նաև իրեն տրված հանձնարարությունը կատարելուց հետո:
Ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում առևտրային ներկայացուցչության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով: