Ղազախստանում վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատարան ներկայացված հայցապահանջի փոխհատուցման առավելագույն չափը եղել է 300.000 եվրո: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբան-փորձագետ Նելլի Առաքելյանի՝ այդ հայցը բավարարվել է:
Այսօր լրագրողների համար կազմակերպվել էր սեմինար «Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտը, միջազգային փորձը և իրավակիրառ պրակտիկան» թեմայով:
Նելլի Առաքելյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են շատ երկրների իրավական դաշտը՝ վիրավորանքի և զրպարտության մասով, սակայն շատ երկրներում նվազագույն կամ առավելագույն փոխհատուցման շեմ նշված չի եղել: Ըստ մասնագետի՝ այս տեսանկյունից Քաղաքացիական օրենսգրքում զրպարության և վիրավորանքի փոխհատուցման առավելագույն շեմ նախանշելը դրական քայլ է:
Սեմինարավար, իրավաբան, «Արնի Քոնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը ներկայացրեց զրպարտության և վիրավորանքի հիմքերով 2010-2012 թթ. դատական գործերի վերաբերյալ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Անդրադարձավ «տեղեկատվության աղբյուր» եզրույթին և դրա վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը: