Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կտեղադրվեն տեսալուսանկարահանող սարքեր․ օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից

Հասարակական կարգի պահպանման, ուսումնական և գիտական, պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, ինչպես նաև պացիենտների այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակներով բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարող են օգտագործվել տեսալուսանկարահանող սարքեր։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2024թ․-ի հունվարի 1-ից։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումն ընդունվել է 2023թ․-ի հոկտեմբերի 25-ին։

Տեսալուսանկարահանող սարքերն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով։

  •  Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է։
  •  Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինեն մինչև տեսահսկման տարածք մտնելը:
  •  Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան:
  • Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչև խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի, քան վեց ամիս։
  • Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքով ստացված տվյալները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել