Ինչպե՞ս է որոշվում համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափը

Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման, բազմաբնակարան շենքերի սպասարկման և այլ ծառայությունների իրականացման համար համայնքն օրենքով սահմանված կարգով սահմանում է վճարներ:

Վճարների չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ: Եթե այդ ծառայություններն իրականացնում են համայնքի բյուջետային հիմնարկները, ապա գանձված գումարն ուղղվում է համայնքի բյուջե:

Այդ ծառայությունների մատուցումն առևտրային կազմակերպություններն իրականացնում են մրցութային կարգով, որին մասնակցում է համայնքային` այդ ոլորտում ծառայություն մատուցող առևտրային կազմակերպությունը: Այդ դեպքում մրցույթի պայմաններից մեկը համայնքի առաջարկած սպասարկման վճարի առավելագույն չափն է:

Համայնքի սեփականություն համարվող առևտրային կազմակերպության կողմից մրցույթը շահելու դեպքում ծառայությունների իրականացման համար վճարները գանձում է տվյալ կազմակերպությունը:

Եթե մրցույթի հաղթող է ճանաչվում համայնքի սեփականություն չհամարվող այլ կազմակերպություն, ապա հաղթող կազմակերպության հետ համայնքը կնքում է պայմանագիր, որում, մրցույթի արդյունքներից ելնելով, ամրագրվում են ծառայության իրականացման պայմանները, դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք գանձում է տվյալ կազմակերպությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել