ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում հաստատված՝ Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Ինչպես տեղեկացնում են կոմիտեից, որոշմամբ սահմանվում են ոլորտի կազմակերպություններին լիցենզիաների տրամադրման առավել հստակ և պարզ պայմաններ, օպտիմալացվում կառուցապատման ընթացակարգի առանձին փուլերը կանոնակարգող օրենսդրական ակտերը, կազմակերպությունների լիցենզավորմանը զուգահեռ ներդրվում է մասնագետների հավաստագրման կարգ:
«Լիցենզիան կազմակերպություններին տրամադրվելու է ըստ դասերի՝ ելնելով օբյեկտների ռիսկայնության աստիճանից: Կախված դասից և գործունեության տեսակից՝ պահանջներ են սահմանվում ինչպես կազմակերպության պատասխանատու մասնագետի, այնպես էլ ինժեներատեխնիկական ու բանվորական անձնակազմերի, մեքենա-մեխանիզմների, սարքավորումների վերաբերյալ:
Թվայնացվում է լիցենզավորման ողջ գործընթացը: Փաստաթղթերի առցանց ներկայացումից մինչև էլեկտրոնային ձևաչափով լիցենզիայի տրամադրում բոլոր փուլերը կիրականացվեն քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am հարթակի միջոցով:
Ընդունված որոշմամբ կանոնակարգվում են նաև քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրման համար դիմելու, շարունակական մասնագիտական զարգացման, թեստավորման կազմակերպման, հավաստագրի շնորհման հետ կապված հարցերը:
Կարգավորումներ են նախատեսված ինչպես լիցենզավորման համար առաջին անգամ դիմող, այնպես էլ գործող կազմակերպությունների համար»,- ասվում է պարզաբանման մեջ:
Ըստ աղբյուրի՝ որոշմամբ ապահովվում է 2022թ. նոյեմբերին ընդունված օրենսդրական փոփոխությունների կիրարկումը, որոնք ուժի մեջ են մտնելու այս տարվա դեկտեմբերի 17-ից: Դրանց առանցքային նպատակներից է ապահովել լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը, նպաստել քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկտների ձևավորմանը, տարանջատել տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները, ստեղծել հավասար մրցակցային դաշտ:
Նշվում է, որ 2023թ. դեկտեմբերի 17-ից սկսած 9 ամսվա ընթացքում (մինչև 2024թ. սեպտեմբերի 17-ը), լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններն ու հավաստագրման հավակնող մասնագետները պետք է դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ վերալիցենզավորման և մասնագետների հավաստագրման անցումային գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով: