Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում դեկտեմբերի 1-ին կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ (Հայաստան-Ռուսաստան – խմբ.) աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։