Գազայի հատվածը պետք է մնա պաղեստինյան տարածք, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
«Գազան պաղեստինյան հող է և այդպես էլ կմնա, և մենք չենք աջակցում Գազայի վերաբնակեցմանը, ոչ էլ՝ Իսրայելը»,- լրագրողներին ասել է Պատելը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գործընկերների հետ աշխատում է Գազայի ժամանակավոր կառավարման և անվտանգության պարամետրերի տարբեր սցենարների վրա։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ Գազայի հատվածը պետք է կառավարվի «նրանց կողմից, ովքեր չեն ցանկանում շարունակել ՀԱՄԱՍ-ի ճանապարհը»։ Միևնույն ժամանակ, ըստ Նեթանյահուի, Իսրայելը «անորոշ ժամկետով պատասխանատվություն է կրելու Գազայի ընդհանուր անվտանգության համար»: