Կամավոր ատեստավորման գործընթացը համընկավ մեր երկրի համար խիստ բարդ և անորոշ ժամանակահատվածի հետ. Ժաննա Անդրեասյան

2021-2023 թվականներին մենք ունենք ավելի քան 5000 ուսուցիչներ, որոնք անցել են կամավոր ատեստավորման գործընթացը, այս տարի դիմել է 6320 հոգի, 4324-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը, մասնակցությունը եղել է 68 տոկոս։

«Ընդորում, պետք է նշեմ, որ այս տարի էլ, ցավոք, ինչպես նախորդ տարի, կամավոր ատեստավորման գործընթացը համընկավ մեր երկրի համար խիստ բարդ և անորոշ ժամանակահատվածի հետ։ Նախորդ տարի, կամավոր ատեստավորման առաջին օրերը սեպտեմբերի 17-18-ն էին, անմիջապես Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայից հետո։

Այս տարի մեր առաջին ատեստավորման գործընթացը սեպտեմբերի 23-ին էր, երբ որ բոլորս պատկերացնում ենք, թե ինչ իրադրություն էր, սակայն, ի պատիվ մեր ուսուցիչներին, նրանք չնայած այս դժվարություններին, եկան ատեստավորմանը և նրանցից շատերը հաղթահարել են շեմը և կունենան աշխատավարձի բարձրացում։ Մասնավորապես 1855 ուսուցիչ կամ 43 տոկոսը, 70 և ավել տոկոս է հավաքել և ևս 1003 ուսուցիչ 60-69 տոկոս արդյունք է ցուցաբերել, որի մասով մենք որոշել ենք գնալ փոփոխության, և արդեն իսկ վարչապետը խոսել է այս մասին, և մենք առիթ ենք ունեցել բարձրաձայնելու, որ 60-69 տոկոս հավաքած ուսուցիչները կունենան դրույքաչափի բարձրացում։

Եվ ըստ այդմ, ընդհանուր առմամբ շուրջ 3403 ուսուցիչ բարձրացված վարձատրություն կունենա։ Այս իմաստով իհարկե կարող են լինել նաև որոշ կրկնություններ, որովհետև որոշ ուսուցիչներ դիմում են իրենց արդյունքները բարելավելու, ամեն դեպքում ավելի քան 3000 ուսուցիչ արդեն իսկ կամավոր ատեստավորման արդյունքում, միայն 70 և ավել է հավաքած լինելու և վարձատրություն է ունենալու թե՛ դրույքաչափի փոփոխության, թե՛ հավելավճարի իմաստով։ Իսկ, եթե սրան գումարվի 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների թիվը, ապա շուրջ 4703 հոգու մասին ենք խոսում, որոնք կունենան ավելի բարձրացված վարձատրություն։ Ասեմ, որ սա վերաբերում է նաև նախորդ տարիներին»,-նշեց նախարարը։

Նա ասաց, որ իրենք շարունակելու են հավելավճարի նոր ծրագրերը, որոնք ուղղված էին բնագիտական առարկաների ուսուցիչներին՝ 25 տոկոս աշխատավարձի բարձրացմամբ․ «Այս սեպտեմբերից այդ փոփոխությունն արդեն ուժի մեջ են մտել, ինչպես նաև մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական բնակավայրի հաստատություններին, այստեղ մենք ունենք շահառուներ։ Շուրջ 8200 բնագիտական առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև շուրջ 4000 գյուղական բնակավայրերի ուսուցիչներ»։

Նրա խոսքով՝ նոր ծրագրերի մասին է վկայում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կամ քոլեջների և ուսումնարանների դասախոսների համար ատեստավորման գործընթացի և տարակարգի ներդնումն է, որի համար բյուջեում արդեն նախատեսված են միջոցներ։

Կշարունակվեն նաև արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացները․ «2024 թվականից նախատեսում ենք, որ այն կիրականացվի 35 առարկաների և մարզաձևերի համար, ինչը ծածկում է գրեթե ամբողջական մասը։ Այստեղ ֆիքսված հավելավճարներ են 60, 80 և 100 հազար դրամի չափով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել