Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն կարող Հայաստանում թոշակ, երեխայի նպաստ ստանալ, քանի որ նրանք դեռ ՀՀ քաղաքացիներ չեն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Փոխարենը՝ նրանք ստանում են դրամական աջակցություն, որը մի քանի անգամ ավելի շատ է թոշակից կամ նպաստից, որովհետև աջակցությունը տրվում է ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ տարիքից:
ԼՂ-ից տեղահանվածների համար սահմանվել է հատուկ ժամանավոր կարգավիճակ, և նշվել է, որ այս մարդիկ արագացված և հեշտացված կարգով ստանալու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Քաղաքացիություն ստանալուց հետո նրանք հասանելիություն կստանան բոլոր այն սոցիալական, առողջապահական, կրթական և այն համակարգերին, որոնք գործում են ՀՀ քաղաքացիների համար: Թոշակառուները կստանան թոշակ, նպաստառուները՝ նպաստ և այլն:
Մինչ այդ, կրկնեմ, այդ մարդիկ ամսական դրամական աջակցություն են ստանում: Բացի ուղիղ դրամական աջակցությունից՝ առանձին խմբերի համար նաև այլ հնարավորություններ են ապահովվել: Օրինակ, ուսանողները կարող են ուսումը շարունակել հայաստանյան բուհերում և ստանալ կրթաթոշակ, ուսուցիչները կարող են հեշտացված կարգով աշխատանքի անցնել դպրոցներում և աշխատավարձից բացի ստանալ հավելավճար:
Այս մասին, ինչպես նշեցի, բազմիցս հայտարարվել է: Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ես ինքս էլ հարց ուղղեցի, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց ամեն ինչ (հղումը կդնեմ մեկնաբանության մեջ):
Չնայած սրան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ոչ բոլորը կարող են լիարժեք տեղեկացված լինել այս ամենի մասին և դիմել պետական ու համայնքային մարմիններ՝ դրամական աջակցությունից բացի նաև թոշակ կամ երեխայի նպաստ ստանալու համար: Դրա համար երևի պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել պատշաճ իրազեկմանը:
Սակայն անհասկանալի է, երբ որոշ ԶԼՄ-ներ, փոխանակ իրենք էլ իրազեկեն և տեղեկացնեն այս մարդկանց կառավարության որոշումների մասին՝ գնում հերթապահում են համապատասխան կառույցների դիմաց և խոսեցնելով թոշակի համար դիմած մարդկանց՝ մոլորեցնող վերնագրերով սրտաճմլիկ ռեպորտաժներ պատրաստում «ձեռնունայն վերադարձող, աջակցություն չստացած և հիասթափված» մեր հայրենակիցների մասին»,-գրել է Բաբկեն Թունյանը: