Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը`
1) ծնունդը.
2) ամուսնությունը.
3) ամուսնալուծությունը.
4) որդեգրումը (դստերագրումը).
5) հայրությունը որոշելը.
6) անունը փոխելը.
7) քաղաքացու մահը:
Քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները:
Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժելու դեպքում վեճը լուծում է դատարանը:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, դատարանի վճռի հիման վրա, չեղյալ է հայտարարում քաղաքացիական կացության ակտերի գրառումները կամ վերականգնում է դրանք:
Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինները, այդ ակտերը գրանցելու, քաղաքացիական կացության ակտերի գրառումները փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու կարգը, ակտերի գրքերի ու վկայականների ձևերը, ինչպես նաև ակտերի գրքերի պահպանման կարգը և ժամկետները որոշվում են քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքով: